«Պատիվ ունեմ» դաշինքի ծրագրում նշվում է, որ մինչև 2040 թվականը ՀՀ բնակչությունը կկազմի առնվազն 4 մլն մարդ

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրի «Ժողովրդագրություն» բաժնում նշվում է, այս ոլորտում Դաշինքի նպատակը ՀՀ մշտական բնակչության բնական հավելաճի կայուն դրական պահպանումն է։

«Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

● խրախուսել ծնելիությունը,
● նվազեցնել արտագաղթի միտումները և բնականոն ներգաղթի պայմաններ ստեղծել,
● նպաստել կյանքի միջին տևողությաներկարացմանը,
● ապահովել կյանքի որակի շեշտակի բարելավումը: Նշված խնդիրները լուծելու համար.

1. Անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել իր ձևով և ընդգրկմամբ աննախադեպ` «ՀՀ ժողովրդագրական միտումների շտկման ազգային ծրագիր», որի գերնպատակը պետք է լինի ապահովել, որ Հայաստանի բնակչությունը 2040թ. կազմի առնվազն 4 մլն. մարդ։ Ծրագիրը պետք է հստակ սոցիալական երաշխիքներ նախատեսի ծնելիության կտրուկ աճ ապահովելու համար, այդ թվում՝ միայնակ կանանց աշխատանքային և սոցիալական իրավունքների երաշխիքների սահմանման, առաջին և երրորդ երեխաների ծննդյան համար միանվագ և շարունակական օժանդակության, ֆերտիլության տարիքի անձանց ներգաղթի խրախուսման, աշխատող անձի համար սեփական աշխատանքի և եկամտաստեղծ գործունեության միջոցով իր ընտանիքի բավարար կենսամակարդակ և սեփական բնակարան ձեռք բերելու խնդիրը լուծելու համար հնարավորություն ստեղծելու և այլ եղանակներով։

2. Անհրաժեշտ է մշակել և իրագործել ներգաղթի կազմակերպման համալիր ծրագիր, որի նպատակը կլինի հատկապես գյուղական բնակավայրերի բնակչության կազմի երիտասարդացումը։

3. Պետք է գործարկել հայրենադարձության համալիր ծրագիր, որի շրջանակներում պայմաններ կստեղծվեն հատկապես ռիսկային տարածաշրջաններում և սոցիալական ծանր կացության մեջ գտնվող հայրենակիցների հայրենադարձման, Հայաստանում և Արցախում կարճաժամկետ հատվածում բարեկեցիկ կյանքի կազմակերպման համար։

4. Պետք է գործարկել առողջ ապրելակերպի և առողջության պահպանման համալիր ծրագիր, որի շրջանակներում էապես կնվազի մահացության ցուցանիշն ու կաճի կյանքի ակնկալվող տևողությունը»,-նշվում է ծրագրում։

Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել