Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Մամիկոն Ն.-ի:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի 1-ին ՀԳ-ի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 20.01.2013թ. իր նկատմամբ պետ հանդիսացող, որպես ճաշարանի հերթապահ, ավագ լ/տ Արամ Ն.-ի կողմից ճաշարան մտնելու կարգը խախտելու համար իրեն դիտողություն անելու կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել վերջինիս հասցեին ` անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի` զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ նույն արարքը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: