Արաբկիր և Քանանքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործըն ըստ մեղադրանքի`Արմեն Կ.-ի:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ինքնակամ թողել է զորամասի տարածքը, գնացել Սարկավագի 54/6 հասցեում գտնվող մթերային խանութ` ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, հայթայթել է մետաղյա խողովակ, դրանով կոտրել խանութի մուտքի լուսավորության էլեկտրական լամպը, այնուհետև մետաղյա խողովակն անցկացնելով խանութի պատուհանի մետաղյա ճաղերի արանքով` փորձել է լայնացնել դրանք, սակայն նկատելով ոստիկանության աշխատակիցների պարեկային ավտոմեքենան` հեռացել է խանութից՝ չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով։
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: