Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2012թ. դեկտեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «ԱԳՐՈ-ՄԻՔՍ» ՍՊ ընկերության, հայցվորի կողմում երրորդ անձինք` ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի` 15.328.076 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին:
Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերք անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ նաև` վարձատու) և «ԱԳՐՈ-ՄԻՔՍ» ՍՊԸ-ի (այսուհետ նաև` վարձակալ) միջև 2012թ. հունվարի 20-ին կնքվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վարձակալի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնվել վարձատուին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզ Նոր Գյուղ գյուղի 1-ին փողոցի թիվ 7 հասցեում գտնվող 14.673,92 քմ մակերեսով հասարակական նշանակության անշարժ գույքը: Պայմանագրի ուժով կողմերի միջև ծագել է պարտավորական իրավահարաբերություն, որի հիմնական բովանդակությունն են կազմում վարձատուի և վարձակալի փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները:
Պայմանագրի 1.5 կետով պայմանագրի գործողության ժամկետը սահմանվել է 2012թ. հունվարի 20-ից մինչև 2012թ. դեկտեմբերի 20-ը, իսկ 1.6 կետով յուրաքանչյուր եռամսյակի վարձավճարի չափ է սահմանվել 4.316.748 ՀՀ դրամ: Հայցվորը հայտնել է, որ պատասխանող ընկերությունը, տիրապետելով և օգտագործելով վարձակալության հանձնված պետական սեփականություն հանդիսացվող անշարժ գույքը, չի կատարում պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները և չի վճարում վարձավճար, որի հետևանքով ոտնահարվում են պետության գույքային շահերը, հետևաբար` առկա է պետության գույքային շահ, քանի որ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալությամբ օգտագործելու դիմաց գույքի սեփականատիրոջը` Հայաստանի Հանրապետությանը, հատուցում չի տրամադրվում, իսկ վարձավճարի գումարը վճարելու դեպքում կվերականգնվեն պետության գույքային իրավունքներն ու շահերը:
Հայցվոր կողմը դատաքննության ժամանակ միջնորդել է թույլատրել ապացույցները ներկայացնել բնօրինակով` հիմնավորելով, որ դրա անհրաժեշտությունը մինչև դատաքննություն չէր ծագել և հայցվոր կողմը չէր կարող ենթադրել, որ դատարանը անթույլատրելի կհամարի ներկայացված գրավոր ապացույցները, քանի որ որևէ դատարանում նման խնդիր չի առաջացել: Դատարանը մերժել է ներկայացված միջնորդությունը այն հիմնավորմամբ, որ դատաքննության ժամանակ ապացույցների ներկայացումը թույլատրելի է, եթե կողմը հիմնավորում է ոչ թե նոր ծագած անհրաժեշտությունը, այլ ներկայացման անթույլատրելությունը` ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 8-րդ մասի:
Դատարանը գտել է, որ հայցվորի, ինչպես նաև հայցվոր կողմում հանդես եկող երրորդ անձանց կողմից չներկայացվեց որևէ պատշաճ ապացույց, որը կհիմնավորեր հայցվոր կողմի դիրքորոշումը:
Ելնելով վերոգրյալից` դատարանը գտել է, որ ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «ԱԳՐՈ-ՄԻՔՍ» ՍՊ ընկերության, հայցվորի կողմում երրորդ անձինք` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերք անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի` 15.328.076 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին ենթակա է մերժման` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Ուստի դատարանը վճռել է հայցը մերժել:
Աղբյուրը` Իրավաբան.net