Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Գ.Դավթյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Պետապ Հայաստան» ՓԲ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցվոր Գ.Դավթյանը դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ Պատասխանողի` որպես ապահովագրողի և իր` որպես ապահովադրի միջև 01.04.2008 թվականին կնքված տրանսպորտային միջոցների ապահովագրության թիվ ՑՏ 000840 վկայագրի համաձայն` իրեն պատկանող «NISSAN QASHQAI» ավտոմեքենան ապահովագրվել է, ապահովագրական արժեքը կազմել է 10.365.000 ՀՀ դրամ, իսկ ապահովագրական գումարը` 8.985.000 ՀՀ դրամ:
08.06.2008 թվականին Երևան քաղաքում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «NISSAN QASHQAI» ավտոմեքենային: Նշված ճանապարհատրանսպորտային պատահարում բացակայում է իր մեղքը:
ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության փորձագետի 17.07.2008 թվականի թիվ 696ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն` վթարի հետևանքով «NISSAN QASHQAI» ավտոմեքենային պատճառված վնասը կազմել է 795.000 ՀՀ դրամ: Պատասխանողը հրաժարվել է հատուցել ապահովագրական հատուցումը:
Հայցվորի կողմից հայցադիմումում որպես պատասխանող նշվել է «Պետական ապահովագրական ընկերություն» անվանումով ՓԲԸ-ն, որպիսի իրավաբանական անձի լինելիության փաստը դատաքննությամբ հետազոտված գործում առկա որևէ ապացույցով չի հիմնավորվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 01.04.2008 թվականին կնքված տրանսպորտային միջոցների ապահովագրության թիվ ՑՏ 000840 վկայագրի համաձայն որպես ապահովագրող նշվել է «ՊԵՏԱՊ Հայաստան» ԱՊՓԲԸ-ն, դատարանը հայցվորի ներկայացուցչի համաձայնությամբ անպատշաճ կողմի փոխարինման արդյունքում պատասխանող է ներգրավել նշված ընկերությանը:
Դատարանի վերլուծությամբ՝ սույն գործով Հայցվորը տվյալ պարագայում չի հիմնավորել իր` կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցում ստանալու իրավունքի խախտման փաստը, մասնավորապես` վերջինս չի ներկայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով նախատեսված որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց ի հիմնավորումն այն հանգամանքի, որ նա կատարել է իր պայմանագրային պարտավորությունները և հայտնել ապահովագրողին ապահովագրական պատահարի վերաբերյալ սահմանված կարգով, իսկ վերջինս մերժել է իրականացնել ապահովագրական հատուցումը, ավելին, Հայցվորը վկայակոչել է այն հանգամանքը, որ ապահովագրական պատահարում բացակայում է իր մեղքը, սակայն տվյալ փաստարկը հիմնավորող ապացույց ևս չի ներկայացրել:
Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել:
Ներկայումս Հայցվորը դատարանի վճռի դեմ բերել է վերաքննիչ բողոք:
Աղբյուրը` Իրավաբան.net