Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Մարտին Հ.-ի:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Մարտինին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զինվորական խառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ X զորամասում որպես 2-րդ ուսումնական վաշտի կուրսանտ, կոչումով շարքային, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ հոդվածով սահմանված՝ յուրաքանչյուր զինծառայողի նկատմամբ կոպտություն թույլ չտալու պահանջները, 2012թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, ուսումնական մասնաշենքի 302 լսարանում վիճաբանել է նույն վաշտի կուրսանտ, շարքային Արմեն Մ-ի հետ, որի ժամանակ բռնություն գործադրելով՝ դիտավորությամբ ձեռքի բաց ափով հարվածել է Արմեն Մ.-Ի դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: