Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Ա-ին առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու համար դատապարտել է 5 տարի ազատազրկման առանց գույքի բռնագանձման:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը` Գևորգ Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հորը՝ Կ. Գ.-ին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը խարդախությամբ, 2011թ. սեպտեմբերին, չարաշահելով մոր՝ Գ. Ռ.-ի վստահությունը, վերջիններիս բնակարանը գրավադնելու և ստացված գումարով շահույթ ստանալու նպատակով գործունեություն ծավալելու պատրվակով մոլորության մեջ գցելով, վերցրել է հիշյալ բնակարանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը, կեղծել է իրավունք վերապահող փաստաթուղթ, որն օգտագործելով սեփականության իրավունքի վկայականի հետ, ներկայացնելով Արբակիր նոտարական տարածքի նոտարին`8.740.000 ՀՀ դրամով բնակարանը վաճառել է Մ. Հ-ին՝ խարդախությամբ Կ. Գ.-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս։
Դատավճիռ կայացնելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը մասնակիորեն ընդունել է մեղքը, անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, նախկինում դատված չէ, տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ: Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: