Ֆրանչայզինգի պայմանագիրն իր անունն ստացել է անգլերեն «franchise»՝ իրավունք, լիզենզիա, արտոնություն բառից:
Ժամանակակից ֆրանչայզինգի նախատիպ ընդունված է համարել Զինգեր կարի մեքենաների վաճառքի և սպասարկման համակարգը: Համաշխարհային ճանաչում ունեցող «Singer Sewing machine company»-ի հիմնադիր Իսահակ Զինգերը դարձավ ժամանակակից ֆրանչայզինգի նախահայրը: 1851թ.-ից սկսած Զինգերի կազմակերպությունը ապրանքի մատակարարների հետ կնքեց գրավոր պայմանագիր, որով իրավունք վերապահվեց վաճառել և վերանորոգել կարի մեքենաները որոշակի տարածքում՝ Միացյալ Նահանգներում:
Ֆրանչայզինգի պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ առաջին անգամ նախատեսվել է 1998թ. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով:
Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (այսուհետ` համալիր թույլտվություն) պայմանագրով մեկ կողմը (իրավատերը) պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին (օգտագործողին) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների` ապրանքային նշանի, սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները:
«Համալիր թույլտվության պայմանագիրը նախատեսում է իրավատիրոջ բացառիկ իրավունքների, գործարար համբավի և առևտրային փորձի համալիրի որոշակի ծավալի (մասնավորապես, օգտագործման նվազագույն և (կամ) առավելագույն ծավալի սահմանման միջոցով) օգտագործում` նշելով կամ առանց նշելու այն իրականացնելու տարածքը ձեռնարկատիրական գործունեության որոշակի ոլորտում (վաճառել իրավատիրոջից ստացված կամ օգտագործողի կողմից արտադրված ապրանքները, իրականացնել այլ առևտրային գործունեություն, կատարել աշխատանքներ, մատուցել ծառայություններ)»,-Իրավաբան.նեթ-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Համալիր թույլտվության պայմանագրով կողմեր կարող են լինել առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատեր քաղաքացիներ:
Աղբյուրը` Իրավաբան.net