Ավագանու խմբակցություններն ստեղծվում են նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի բացման oրը` հետևյալ սկզբունքին համապատասխան. ավագանու անդամների մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:
Ավագանու խմբակցությունը քաղաքապետին գրավոր ներկայացնում է իր կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները, ազգանունները, որոնք նիստը վարողը հրապարակում է ավագանու առաջիկա նիստում:
Ավագանու անդամը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին:
Խմբակցության գործունեությունը դադարում է, եթե նրա բոլոր անդամները դուրս են գալիս խմբակցությունից, և վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող ավագանու առնվազն մեկ անդամ:
Խմբակցության կազմի փոփոխության, ինչպես նաև գործունեության դադարման և վերականգնման մասին գրավոր տեղեկացվում է քաղաքապետին կամ ավագանու նիստը վարողին, որն այդ մասին հայտարարում է ավագանու առաջիկա նիստում:
Աղբյուր՝ Իրավաբան.net