Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պատժից ազատվող անձին ապահովում է մինչև իր բնակության վայր հասնելու նպատակով անվճար ուղևորությամբ կամ դրա համար անհրաժեշտ գումարով՝ առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքում, դրա ընթացքում անհրաժեշտ սննդամթերքով, ինչպես նաև միջոցների բացակայության դեպքում՝ սեզոնային անհրաժեշտ հագուստով։ Նրան կարող է տրամադրվել նաև միանվագ դրամական օգնություն։
«Օրենքի այն ձևակերպումը, որ «դատապարտյալին կարող է տրամադրվել միանվագ դրամական օգնություն» միանշանակ չէ, և նշված չէ որևէ չափանիշ, որով հնարավոր լինի առանձնացնել դրամական օգնություն տրամադրելու հստակ դեպքերը: Արդյունքում այդ հարցը թողնված է ուղղիչ հիմնարկի վարչակազմի հայեցողությանը, ինչը սուբյեկտիվ մոտեցման հնարավորություն է տալիս, և իրապես դրամական օգնության կարիք ունեցողները կարող են և չստանալ այն»,-Իրավաբան.net-ի հետ հարցազրույցում նշեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Պատժից ազատվող և առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող, հղի, մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին, ինչպես նաև անչափահասին պատժից ազատելիս պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն ազատվելու մասին նախօրոք հայտնում է նրա ազգականներին կամ այլ անձանց, իսկ այդպիսիք չունենալու դեպքում անհրաժեշտ օգնությունը ցուցաբերում է ուղղիչ հիմնարկի վարչակազմը: Այս դեպքում դատապարտյալը բնակության վայր է ուղարկվում ազգականի կամ այլ անձի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի ուղեկցորդմամբ։
Աղբյուրը՝ Իրավաբան.net