Լուսանկարները իսկապես Սև լճի հատվածում են արված․ Իրինա Յոլյան

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնել է․

«Քննարկման թեմա դարձած այսօրվա լուսանկարները իսկապես Սև լճի այն հատվածում են արված, որի հարակից տարածքները մեր վերահսկողության տակ են և հնարավոր է այդ հատվածով հասնել լճին։ Միևնույն ժամանակ թշնամին շարունակում է լճի հակառակ ուղղությամբ պետական սահմանը խախտելով, մնալ նույն դիրքում և դեռևս չի նահանջել»։

Նշենք, որ սոցցանցերում և ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հրապարակած լուսանկարում Սև լիճը չէ։

Այս լուրերին անդրադարձավ նաև Տիգրան Ավինյանը՝ գրելով․

«Քանի որ մեր օրերում պարզ և մատչելի տեղեկատվությունն է անգամ վերածվում կեղծիքի ու համակարգված տարածվում, ստիպված եմ արձագանքել։

Տարածվող լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, այլ ինչ-որ ճահիճ, հերթական ապատեղեկատվությունն է։

Մեր այցի և դրա հրապարակայնացման նպատակն էր վերջ տալ շահարկումներին և հստակ արձանագրել, որ Սև լճի մերձակայքը գտնվում է հայկական զինուժի վերահսկողության ներքո։ Ավելին՝ ինչպես ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունն էր հայտարարել, ադրբեջանական զինուժը փորձել էր դիրքային առաջխաղացում ապահովել, սակայն թե՛ ամբողջ տարածքը, թե՛ զինվորականներն ու նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել