Բայրամովը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան

Հայ զինծառայողներին վերաբերվում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, կալանքի պայմանները ևս համապատասխանում են այդ նորմերին: Այս մասին այսօր այցով Բաքվում գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Կալանքի պայմանները նույնպես համապատասխանում են այդ նորմերին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները պարբերաբար այցելում են նրանց»,- ասել է Բայրամովը:

Իր խոսքում պաշտոնյան նշել է նաև, որ Ադրբեջանը շատ հաճախ Հայաստանի կողմից ոչ կառուցողական մոտեցումներ է տեսնում և, որ հայկական կողմի նման պահվածքն ավելորդ բեռ է գործընթացի համար:

«Կարծում ենք, որ նման պահվածքը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը: Սրա հիմնական պատճառը հայ զինծառայողների՝ Ադրբեջանի տարածք ներթափանցելու փորձերն են: Անցյալ տարվա նոյեմբերի վերջին հայ զինծառայողների՝ Ադրբեջանի տարածք անօրինական ներթափանցումը, դրա հետևանքով դեկտեմբերին ադրբեջանցի զինծառայողների զոհվելը և վիրավորումներ ստանալը, Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ են: Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործողության հետևանքով սպանվել է դիվերսիա իրականացրած մի քանի հայ զինծառայող, իսկ մի քանիսը բերման են ենթարկվել: Ներկայում նրանց դեմ շարունակվում են քննչական միջոցառումները»,- նշել է Բայրամովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել