Դատական դեպարտամենտը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․
«Հավատարիմ մնալով դատական իշխանության նկատմամբ որդեգրած՝ ապատեղեկատվությունը լուրի տեղ մատուցելու անհեռանկար գործելաոճին, էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը, օրեր առաջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստին, հրապարակել իրականության հետ աղերս չունեցող, ուղղորդված լրատվություն՝ պիտակավորելով ժողովի ընթացքը, դատավորներին, իրավունք վերապահել մասնակիցների իբրև մեծամասնության անունից գնահատականներ հնչեցնել:
Կարևորելով հանրության առջև հաշվետվողականությունը, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգի և ընթացքի վերաբերյալ հասարակությանը օբյեկտիվ ու ճշմարտացի տեղեկատվություն տրամադրելու, ապատեղեկատվությունից զերծ պահելու նպատակով, հարկ ենք համարում իրազեկել, որ սույն թվականի մայիսի 7-ին հրավիրված ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցել է 163 դատավոր (քվորումն ապահովելու համար պահանջվում էր 115 դատավորի ներկայություն):
Ժողովի մասնակցի կողմից առաջարկվել է օրակարգում ընդգրկել լրացուցիչ հարց, որը քվեարկությամբ մերժվել է:
Ընդհանուր ժողովի օրակարգը եղել է հագեցած, քննարկվել են դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանը միտված մի շարք կարևոր հարցեր, ընդունվել առանցքային որոշումներ:
Նիստն անցել է կառուցողական, աշխատանքային բազմակարծության մթնոլորտում:
Ընդհանուր Ժողովի ընթացքում ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի կողմից հրապարակվել է խորհրդի ուղերձը՝ հասցեագրված հանրապետության դատավորներին՝ կարևորելով կառուցողական և փոխգործակցված աշխատանքը»։