Ադրբեջանի հանցագործ վարքագծի նպատակը հստակ է․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի իր քաղաքականությունը՝ ոչնչացնելով օկուպացված տարածքներում հայկական գերեզմաններն և գերեզմանաքարերը օգտագործելով որպես շինանյութ ճանապարհների կառուցման նպատակով։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Հայկական գերեզմանների ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում հայ ժողովրդի, նրա ստեղծած արժեքների և հիշողության նկատմամբ Արդբեջանի ղեկավարության և հասարակության համատարած ատելությունն ու անարգանքը։ Նրանց այս գործելաոճը մեզ համար նորություն չէ, մենք բազմիցս ականատես ենք եղել Ադրբեջանի վայրագություններին՝ ուղղված Արցախի տարածքում հայ ժողովրդի կյանքի, սեփականության, պատմական արժեքների և հիշողության դեմ։ Ադրբեջանի հանցագործ վարքագծի նպատակը հստակ է․ ոչնչացնել օկուպացված տարածքներում հայության բազմադարյա գոյության մասին վկայող ցանկացած հետք ու ապացույց։

Միջազգային մարդասիրական իրավունքի սովորույթային նորմերով սահմանվում է, որ հակամարտող կողմերը պետք է հարգանք ցուցաբերեն իրենց վերահսկողության տակ հայտնված գերեզմանների նկատմամբ, պետք է տարբերակիչ նշաններով առանձնացնեն գերեզմանավայրերն ու ապահովեն դրանց պահպանումը։ Հայկական գերեզմանների պղծմամբ ու ոչնչացմամբ Ադրբեջանը կոպտորեն խախտում է ոչ միայն սովորութային իրավունքի նորմերը, այլ նաև անձի արժանապատվության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։

Ադրբեջանին պետք է ստիպել կատարելու իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, և այդ հարցում միջազգային կազմակերպություններն ունեն առաջնային պարտավորություն և առաքելություն։ Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող հանցագործությունները չպետք է անպատիժ մնան և միջազգային հանրությունը պետք է հստակ գիտակցի սա»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել