Բացահայտվել են բավարար փաստեր՝ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցելու համար. Գևորգ Գորգիսյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբության իր էջում գրառում է կատարել, որում ասված է.

«ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը հայտարարություն է արել՝ ի պաշտպանություն ԳՇ պետ Արտակ Դավթյանի՝ անցնելով կոռեկտության սահմանները:

Նշեմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մշտապես հատուկ հարգանքով և զգուշավորությամբ են արտահայտվում ՀՀ ԶՈՒ մասին, սակայն սույն անձնավորված հայտարարությունը ստիպում է ինձ տալ համապատասխան պատասխան:

Որպես ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ` պնդում եմ, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում բացահայտվել են բավարար փաստեր՝ Արտակ Դավթյանի դեմ քրեական գործ հարուցելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ), իսկ որոշակի հանգամանքների բացահայտման դեպքում՝ 299-րդ հոդվածի (պետական դավաճանություն) հատկանիշներով։

Նշածս փաստերին քաջատեղյակ են նաև հանձնաժողովում աշխատած իշխանական պատգամավորները, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ արտահայտվել է։ Բառացի մեջբերեմ. «Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարում է ունեցել 2016 թվականի ռազմական գործողությունների ժամանակ՝ որպես օպերատիվ վարչության պետ»:

Եթե այս ամենին գումարենք նաև պարոն Դավթյանի՝ ԳՇ պետ եղած ժամանակահատվածում զորամիավորման կրճատումը Սյունիքում, Սու-30 ՍՄ կործանիչ ինքնաթիռների անարդյունավետ գնումը, ռադիոհետախուզական միջոցների՝ որպես մետաղի ջարդոն սպառազինությունից հանումը, ինչպես նաև նրա նախկին գործունեության մի շարք հայտնի ու անհայտ խնդրահարույց դրվագներ, ակնհայտ հարցեր են առաջանում Արտակ Դավթյանի պաշտոնավարման և Հայաստանի Հանրապետության շահերի հետ նրա գործունեության համատեղելիության վերաբերյալ:

Կարծում եմ` «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր անդամների պնդումները Արտակ Դավթյանի և նրա գործունեության վերաբերյալ փաստարկված են և նույնիսկ բավական մեղմ:
Լիահույս եմ, որ Դավթյանի գործունեության մանրամասները կուսումնասիրվեն իշխանափոխությունից հետո՝ համապատասխան քրեական գործերի շրջանակում:

Հ.Գ. Երկրում անիշխանությունն ու քաոսն այնքան են խորացել, որ ենթակա մարմինները սկսել են հոխորտալ վերադասի նկատմամբ»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ-գնդապետ Սամվել Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում իրեն թույլ է տվել մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հասցեին։

Պատգամավորի «եթե»-ներով խոսքն այնքան անհիմն է, որ նույնիսկ հարկ չկա դրան անդրադառնալու, սակայն հորդորում ենք նրան ԶՈւ գլխավոր շտաբի պետի մասին խոսելիս լինել հստակ ու հասցեական։ Գուցե պատգամավորն ու նրա խմբակցության որոշ անդամներ պարզապես լավ չեն պատկերացնում զինվորական գործը. դա իրենց խնդիրն է և որևէ հիմք չի տալիս չփաստարկված մտքեր արտահայտելուն: Այն մեծածավալ աշխատանքը, որը տարվում է զինված ուժերում, մեծամասամբ հասանելի չէ հանրությանը և տեղեկանալու դեպքում մեծ զարմանք կպատճառի որոշ պատգամավորների:

Իսկ իրական գործ անողներին և պարզապես խոսացողներին ցույց կտա ժամանակը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել