Դպրոցի տնօրենը կընտրվի կառավարման խորհրդի ձայների առնվազն երկու երրորդով. նոր նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում» փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Առաջարկվում է խմբագրել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման հավելվածը և սահմանել տնօրենի թափուր  տեղի մրցույթի կազմակերպման նոր ժամկետներ, ինչպես նաև փոխել հաղթող ճանաչելու համար  նախատեսված ձայների հարաբերակցությունը: Մասնավորապես հաղթող ճանաչվելու համար հավակնորդը պետք է ստանա կառավարման խորհրդի անդամների  առնվազն երկու երրորդի «կողմ» ձայները (գործող կարգով տնօրենն  ընտրվում էր ձայների մեծամասնությամբ): 

Հաշվի առնելով, որ այս տարվա ապրիլից ուժի մեջ մտած կարգավորմամբ` հանրակրթական դպրոցի կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամից, տնօրեն ընտրվելու համար կպահանջվի առնվազն 6 «կողմ» ձայն: Հիշեցնենք, որ կառավարման խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվում են լիազոր մարմնի, 4-ը՝ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից` 2-ական ներկայացուցչով: Նոր կարգավորման արդյունքում ո՛չ լիազոր մարմնի, ո՛չ էլ դպրոցի ներկայացուցիչները չեն կարող միանձնյա որոշել, թե ով կստանձնի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը: Այսպիսով` վերացվում է այն պրակտիկան, երբ կառավարման խորհրդի ձայները կիսվելու դեպքում տնօրենը նշանակվում էր ԿԳՄՍ նախարարի (ավագ դպրոցների պարագայում) և փոխվարչապետի (Երևանի քաղաքապետարանի և մարզային ենթակայության դպրոցների դեպքում) կողմից:

Առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի մասնագետները, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների և ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Նոր ժամկետներ  

Նոր նախագծով դպրոցի կառավարման խորհուրդը տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից առավելագույնը 70, բայց ոչ պակաս, քան 66 աշխատանքային օր առաջ: 

Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են www.azdarar.am կայքում` հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Մրցույթն անցկացվում է հայտերի ընդունման վերջին օրվանից հետո՝ 10-րդ աշխատանքային օրը:

Աշակերտական, մանկավարժական և ծնողական համայնքների դերի բարձրացում

Ըստ առաջարկվող նախագծի` հստակեցվել են աշակերտական, մանկավարժական և ծնողական համայնքների դերի բարձրացմանը միտված մեխանիզմները:

Մասնավորապես, դպրոցի տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) պարտավոր է ապահովել.

  • տնօրենի թափուր տեղի հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիր կազմելու համար՝ այդ մասին դիմելուց հետո՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  • տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին, ինչպես նաև հավակնորդի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա հաստատության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն):

Մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից դպրոցի կառավարման խորհրդում ընդգրկված անդամները պարտավոր են հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկել մանկավարժական և ծնողական խորհուրդներում, ինչպես նաև հրապարակել տվյալ դպրոցի պաշտոնական կայքում: Ծնողական խորհրդում իրականացվող քննարկմանը կարող են մասնակցել նաև ծնողական խորհրդում չընդգրկված ծնողները:

Տնօրենի ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդում մանկավարժական և ծնողական համայնքների կողմից ընդգրկված անդամները պետք է իրենց ձայնը տան այն հավակնորդին, որի զարգացման ծրագրին հավանություն են տվել մանկավարժական և ծնողական խորհուրդները:  Վերջիններս հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրի վերաբերյալ իրենց եզրակացությունն արտահայտում են քվեարկությամբ: 

Քվեարկության արդյունքում առավելագույն հավասար ձայներ հավաքած հավակնորդների միջև նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ, հավասար ձայների դեպքում, հավակնորդները համարվում են չընտրված, և մանկավարժական կամ ծնողական խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ չի ունենում իր թեկնածուն: Այս դեպքում ծնողական և մանկավարժական խորհուրդները ներկայացնող կառավարման խորհրդի համապատասխան անդամները մրցույթի ժամանակ  քվեարկում են ազատ:

Նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև 2021 թվականի մայիսի 30-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել