Կառավարության՝ մայիսի 6-ին կայացած նիստի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեն ավելացվել է 2 մլրդ 942 մլն 825 հազար դրամով: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի զեկուցմամբ` գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ ՀՀ մարզերում սովորողների փոքր համակազմ ունեցող 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցումը շարունակելու, ինչպես նաև 10 մոդուլային մանկապարտեզների շինարարության համար: Մասնավորապես, Արմավիրի մարզի Արևիկ համայնքում 144 սանի համար նախատեսված մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներն այս տարի կավարտվեն, իսկ 9 համայնքում նույն տիպի մանկապարտեզների կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերը կմշակվեն, կտրվի նաև շինարարական աշխատանքների մեկնարկը:
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Մոդուլային դպրոցների մարզային բաշխվածությունը
- Սյունիքի մարզ` 3 դպրոց. Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց, Վաղատինի միջնակարգ դպրոց, Դարբասի միջնակարգ դպրոց,
-
- Արագածոտնի մարզ` 2 դպրոց. Լուսակնի միջնակարգ դպրոց, Գառնահովիտի միջնակարգ դպրոց,
- Գեղարքունիքի մարզ` 2 դպրոց. Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոց, Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոց,
- Լուռու մարզ` 2 դպրոց. Մեդովկայի միջնակարգ դպրոց, Հագվու հիմնական դպրոց,
- Կոտայքի մարզ` 2 դպրոց. Ջրառատի միջնակարգ դպրոց, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց,
- Արարատի մարզ` 1 դպրոց. Դեղձուտի միջնակարգ դպրոց,
- Արմավիրի մարզ` 1 դպրոց. Արգինայի միջնակարգ դպրոց,
- Վայոց ձորի մարզ` 1 դպրոց. Եղեգիսի միջնակարգ դպրոց,
- Շիրակի մարզ` 1 դպրոց. Բերդաշենի միջնակարգ դպրոց:
Նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ կառուցվող բոլոր մոդուլային դպրոցներն ապահովված կլինեն ապաստարաններով:
«Ենթադրվում է, որ մոդուլային դպրոցները պետք է ծառայեն նաև որպես համայնքային զարգացման կենտրոններ` ստանձնելով մշակութային, սպորտային և ժամանցի կենտրոնի գործառույթներ»,- նշել է նա:
Մոդուլային մանկապարտեզների մարզային բաշխվածությունը
- Արմավիրի մարզի Արևիկ համայնք. (Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի շինարարությունը մինչև տարեվերջ ավարտին հասցնելու համար հատկացվել է 496 մլն 565 հազար դրամ),
- Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք,
- Արարատի մարզի Արալեզ համայնք,
- Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնք,
- Լոռու մարզի Սպիտակ համայնք,
- Կոտայքի մարզի Հրազդան համայնք,
- Շիրակի մարզի Արթիկ համայնք,
- Սյունիքի մարզի Կապան համայնք,
- Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայր,
- Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայր:
Ըստ Կառավարության որոշման` մոդուլային մանկապարտեզների կառուցման նպատակով նախատեսվել է 1 մլրդ 396 մլն 565 հազար դրամ: Մանկապարտեզների կառուցումը նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածությունը մեծացնելու՝ պետական ծրագրով նախատեսված միջոցառումներից է:
Մարզերում մոդուլային դպրոցների կառուցման ծրագրին կհատկացվի 1.5 մլրդ դրամ: Համայնքային բնակավայրերն ընտրվել են` հաշվի առնելով, որ դպրոցում սովորում է մինչև 100 աշակերտ, ունի սեյսմակայունության խնդիր, ուստի շենքի վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ: Պարտադիր պայման է նաև, որ տվյալ դպրոցը բնակավայրում միակը լինի: 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցումը մեկնարկել է 2020 թվականին, որը, սակայն, պատերազմական իրավիճակով պայմանավորված, անցյալ տարի ընդհատվել է: Այժմ ծրագիրը շարունակվում է:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթության ոլորտի բարեփոխումները Կառավարության համար առաջնային նշանակություն ունեն, և այդ ուղղությամբ նախաձեռնվել են պետական մի շարք ծրագրեր` մանկապարտեզից մինչև գիտություն: Վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է մշակել նախադպրոցական կրթության ոլորտի մանկավարժների մասնագիտական կատարելագործման նոր համակարգ, որպեսզի վերապատրաստումներն ու ատեստավորումները խթանեն մանկավարժների աշխատավարձի բարձրացումը:
Մարզպետներն էլ հանձնարարական են ստացել ՀՀ բոլոր բնակավայրերում մանկապարտեզներ հիմնելու վերաբերյալ: