Հնչեցված արտահայտությունը վիրավորական է մեզ համար․ Արարատ Միրզոյան

«Իմ գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության, և իմ գործընկեր պարոն Վարդանյանը վերադարձավ նաև իր հիմնական մասնագիտական առաքելություն՝ միջազգային մարդասիրական իրավունք և ընդգծեց, որ, այո, Շուշիում տեղի ունեցածը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,- ԱԺ նիստում դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Հնչեցված արտահայտությունը վիրավորական էր մեզ համար։ Հայամետ քաղաքականության թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են այդ քաղաքականությունից»։

Տարոն Սիմոնյանը շարունակեց. «Ես ամեն դեպքում զարմանալիորեն ուրախացա, որովհետև մեր գործընկերները ճիշտ բառապաշարով ընդգծեցին Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը։ Իմ խնդրանքը և ամիսների հորդորը ի վերջո տեղ հասավ։ Եվ հուսով եմ, որ այս բառապաշարը մենք ճիշտ կօգտագործենք, որովհետև իրականում այն, ինչ տեղի է ունեցել Շուշիում և նաև Արցախի օկուպացված մյուս տարածքներում, դա ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր։ Եվ այդ ցեղասպանության շարունակությունն ըստ էության դրսևորվում է էթնիկ զտումներով, գերիների նկատմամբ նման վերաբերմունքով։ Եվ սա կրկին անգամ փաստում է, որ որևէ քաղաքական գործիչ ՀՀ-ում, ում խոսքը հանրային նշանակություն ունի, իրավունք չունի բարեկամական հարաբերությունների մասին խոսել Ադրբեջանի հետ, մի պետության հետ, որը նման ցեղասպան քաղաքականություն է վարում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել