Ե՞րբ է արգելվում տրանսպորտային միջոցի շահագործումը՝ հանելով հաշվառման համարանիշը

Ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և սահմանված կարգով հանել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները՝

1. եթե տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը,
2. եթե տրանսպորտային միջոցն անօրինական վերասարքավորված է,
3. եթե ավտոմոբիլների, ավտոբուսների, ավտոգնացքների, կցորդների, մոտոցիկլերի, մոպեդների, մոտոսայլակների, տրակտորների և այլ ինքնագնաց մեքենաների, որոնց տեխնիկական վիճակը և կահավորվածությունը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկին:

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը գտնվում է վարորդի մոտ: Այդ դեպքում կտրոնը փակցվում է սահմանված տեղում, և թույլատրվում է տրանսպորտային միջոցի հետագա շահագործումը:

Վերոնշյալ 1-ին և 2-րդ կետերում նշված դեպքերում տրանսպորտային միջոցների համարանիշները հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր համարանիշ` տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու կամ գործարանային տեսքի բերելու կամ վերասարքավորումն օրինականացնելու համար, իսկ 3-րդ կետում նշված դեպքերում անսարքությունները վերացվում են տեղում, կամ տրանսպորտային միջոցը վարորդը տեղափոխում է տեխնիկական սպասարկման կամ նորոգման վայր:

Տրանսպորտային միջոցների շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու և ժամանակավոր համարանիշ տալու դեպքում, իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն: Ժամանակավոր համարանիշի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ արձանագրության ձևը` ոստիկանության պետը:

Տրանսպորտային միջոցի շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու պատճառները վերացնելուց հետո, հաշվառման համարանիշները անմիջապես վերադարձվում են տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին):

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել