Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մրցույթում հաղթած կապալառու կազմակերպությունների հետ ստորագրել է վեց նախակրթարանների հիմնանորոգման պայմանագրերը: Երևանի թիվ 71, 74, 47, 48, 22 և 23 մանկապարտեզների հիմանորոգումը կիրականացնեն «Արհովշին», «ՀՁ Արփա-Սևան» և «Օպտիմա էներջի» ընկերությունները: Ստորագրման արարողությանը հեռավար հանդիպման շրջանակում հետևել են ծրագրի աջակից ու գործընկեր կառույցների ներկայացուցիչները: Քաղաքապետ Մարությանը շնորհակալություն է հայտնել դոնոր կազմակերպություններին՝ մասնավորապես Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամին, հիմնադրամի բոլոր ներդրողներին, Եվրոպական ներդրումային բանկին, Եվրամիությանը, Շվեդիայի Թագավորությանը, ինչպես նաև մյուս 10 երկրներին՝ ծրագրին աջակցելու համար:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունից։
«Պայմանագրերի ստորագրումով մենք փաստացի ապահովում ենք Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շարունակական իրականացումը: Այն հնարավորություն կտա մեր երեխաներին այցելել հիմնանորոգված, սեյսմակայուն, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերին համապատասխան մանկապարտեզներ: Այս ծրագիրը Երևան համայնքի կողմից առաջին ոչ սուվերեն վարկն է, ինչի արդյունավետ կյանքի կոչման արդյունքում մենք կունենանք հնարավորություն նմանատիպ հաջորդող ոչ սուվերեն վարկերի ստացման և նոր ծրագրերի իրականացման համար»,- ընդգծել է քաղաքապետը։
Շնորհակալություն հայտնելով ծրագրի ընթացքից՝ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ արդյունքները կլինեն տեսանելի:
«ԵՄ աջակցությամբ, ինչպես նաև Կանաչ կլիմայի հիմնադրամի տեխնիկական աջակցությամբ, մենք իրական փոփոխություններ ենք իրականացնում Հայաստանի բնակիչների համար: Շենքերի հիմնանորոգումը և սեյսմակայունության բարձրացումը ապահով և հարմարավետ պայմաններ կստեղծեն երեխանների և կրթող անձնակազմի համար: Էներգաարդյունավետության տարբեր միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի մեղմել կլիմայի փոփոխությունը: ԵՆԲ-ն պատրաստ է ընդլայնել իր գործունեությունը Երևանի և Հայաստանի այլ քաղաքների շենքերի համար ևս»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության գրասենյակի ղեկավար (EIB) Մաչեյ Չուրան:
Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության գլխավոր կառավարիչ (E5P) Էվա Մանիկն էլ հույս է հայտնել, որ ծրագիրը կլինի օրինակելի և կիրականացվի նաև Երևանի սահմաններից դուրս: Բացի այդ, կարևորվել են նաև փողոցների լուսավորության, աղբավայրի արդիականացման և քաղաքային տրանսպորտի արդիականացման համատեղ ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են:
Պայմանագրերով նախատեսված է հիմնովին վերակառուցել վերը նշված մանկապարտեզները, տեղադրել էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, LED լուսատուներ, իրականացնել շենքների սեյսմիկ վերազինում, դռների և լուսամուտների փոխարինում և արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, տանիքի պատերի ջերմամեկուսացում: Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան սահմանափակ հնարավորություններով անձանց տեղաշարժման համար:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 15 (տասնհինգ) միլիոն եվրո: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից՝ 7 (յոթ) միլիոն եվրովարկ, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջական միջավայրի գործընկերության հիմնադրամի կողմից՝ 5 (հինգ) միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ, Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից (ՄԱԿԶԾ միջոցով)՝ 1 (մեկ) միլիոն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ և Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2 (երկու) միլիոն եվրո համաֆինանսավորում, ինչպես նաև առկա են տեխնիկական օժանդակության հավելյալ դրամաշնորհներ՝ ԵՄ համայնքային ծրագրերի աջակցության կառույցից (250 000 եվրո), Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամից (250 000 եվրո) և ԵՆԲ ներքին միջոցներից (50 000 եվրո):
Հարկ է նշել, որ ծրագիրը շարունակական է և մայիսի սկզբին կհայտարարվի ծրագրի երրորդ փուլում ներառված 4 մանկապարտեզների հիմնանորոգման և 3 մանկապարտեզների կառուցման մրցույթը։ Եվս 2 մանկապարտեզների հիմնանորոգումն արդեն ընթացքի մեջ է: