10 րոպեից կսկսենք մարման աշխատանքները․ ԱԻՆ ներկայացուցիչ

Ամբողջ անցումը ծխով է պատվել, մալուխներ են այրվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ փրկարար ծառայության գնդապետ Արթուր Ոսկանյանը՝ խոսելով Մանկական երկաթուղու թունելից դուրս եկող ծխի մասին։

«Հետախուզություն է իրականցվում․ այս պահին օջախը հայտնաբերվել է, ուժեր ենք դասավորում՝ մարման աշխատանքներ կատարելու համար։ Բարձր լարում է եղել, բարձր ջերմությունից վառվել են մալուխները։ 10 րոպեից կսկսենք մարման աշխատանքները։ Ամբողջ տարածքը հոսանքազրկված է։ 6000 վոլտ լարման մալուխներ են, 30 հատ»,-նշել է նա։

Ոսկանյանի խոսքով՝ ահազանգը ստացվել է մոտ 2 ժամ առաջ․ «Այնտեղ շախտաներ են, ծխապատ գոտում մարման աշխատանքներ են տարվելու»։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Կարեն Հարությունյանը նշեց, որ մալուխները Փոքր կենտրոնի լրացուցիչ հոսանքի աղբյուր են հանդիսանում։

«Բայց մենք ունենք դրա այլընտանքային աղբյուրը և դրանով արդեն բոլորը պետք է հոսանքով ապահովված լինեին։ Կարճ ժամանակում հնարավոր է եղել անցնել լրացուցիչ սնուցման։ Անհանգստանալու կարիք չկա»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել