Թռիչքային պիտանիության վերահսկումը և սերտիֆիկացումը

Հայաստանի Հանրապետության ազգային պատկանելություն ունեցող օդանավի թռիչքային պիտանիության, ինչպես նաև թռիչքային անվտանգության տեսակետից կարևոր համարվող օդանավի պահեստամասերի, հարմարանքների և սարքավորումների (աերոնավտիկական արտադրատեսակներ) նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը:

Թռիչքների համար պիտանի օդանավին, դրա սեփականատիրոջ կամ շահագործողի գրավոր հայտի հիման վրա լիազորված մարմնի կողմից տրվում է թռիչքային պիտանիության վկայական՝ գործողության որոշակի ժամկետով:

Օդանավի թռիչքային պիտանիության և շահագործման նկատմամբ պահանջները սահմանում է լիազորված մարմինը:

Օդանավի գործունեության հետ կապված լիազորված մարմնի սահմանած արգելքներն ու սահմանափակումները պետք է նշվեն թռիչքային պիտանիության վկայականում:

Օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի գրավոր հայտի հիման վրա լիազորված մարմինը կարող է երկարաձգել թռիչքային պիտանիության վկայականի գործողության ժամկետը, եթե սահմանված կարգով իրականացված թռիչքային պիտանիության ուսումնասիրությունների արդյունքում պարզվի օդանավի պիտանիությունը:

Լիազորված մարմնի կողմից իրականացվող թռիչքային պիտանիության ուսումնասիրությունները և ստուգումները կարող են պարունակել հետևյալ գործողություններից ցանկացած մեկը կամ մի քանիսը՝

1) սեփականատիրոջ (շահագործողի) օդանավի տեխնիկական սպասարկման և այլ տեխնիկական հաշվետվությունների ու ներկայացրած տեղեկանքների ուսումնասիրությունը.
2) սեփականատիրոջ (շահագործողի) օդանավի տեխնիկական սպասարկման փաստաթղթերի ուսումնասիրությունը.
3) օդանավի ֆիզիկական վիճակի տեսչական ստուգումը.
4) օդանավի թռիչքային փորձարկումը:

Թռիչքային պիտանիության վկայականի վավերականության ժամանակահատվածում լիազորված մարմինն իրականացնում է թռիչքային պիտանիության նկատմամբ վերահսկողություն՝ իր սահմանած կարգով, առանձին դեպքերում՝ նաև օդանավի սեփականատիրոջ կամ շահագործողի հայտի հիման վրա:

Օդանավի սեփականատերը կամ շահագործողը պարտավոր է լիազորված մարմնին տրամադրել օդանավի թռիչքային պիտանիությանը, սպասարկմանը, ձևափոխումներին և վերանորոգմանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև դրա գործունեության վերաբերյալ տեղեկատվությունն ու վիճակագրությունը:

Օդանավի սեփականատերը կամ շահագործողը թռիչքային պիտանիության վերահսկման և սերտիֆիկացման գործընթացում լիազորված մարմնին ցուցաբերում է դրա խնդիրներն իրականացնելու համար անհրաժեշտ աջակցություն: Թռիչքային ստուգումների անհրաժեշտության դեպքում դրանք իրականացվում են սեփականատիրոջ կամ շահագործողի կողմից՝ լիազորված մարմնի նշանակած ներկայացուցչի մասնակցությամբ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել