Վճռի շրջադարձի արդյունքում խախտվել էր քաղաքացու սեփականության իրավունքը

Կարեն Պողոսյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի, երրորդ անձինք ՀՀ դատախազություն, Երևանի քաղաքապետարան` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման կողմից Երևան քաղաքի Բագրատունյաց փողոց Երևանյան լճի հարևանությամբ գտնվող հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցման դադարեցման առոչինչ լինելու, հակառակ դեպքում՝ այն անվավեր ճանաչելու, պարտավորեցնելու պատասխանողին կատարել այդ հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը և իրեն համապատասխան սեփականության իրավունքի վկայական տալու պահանջների մասին:

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 08.06.2001թ. թիվ 2-885 վճռով բավարարվել է Կարեն Պողոսյանի գույքը տիրազուրկ ճանաչելու, դրա նկատմամբ վաղեմությամբ սեփականության իրավունքը ճանաչելու և հողի նկատմամբ օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասին դիմումը և Բագրատունյաց փողոցում Երևանյան լճի հարևանությամբ գտնվող 500քմ անշարժ գույքը ճանաչվել է տիրազուրկ և այն որպես տիրապետող անձի հանձնվել Կարեն Պողոսյանին սեփականության իրավունքով, նրա օգտագործմանը թողնելով 1.000քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը, պարտավորեցնելով ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը կատարելու Կ. Պողոսյանի սեփականությունը հանդիսացող նշված անշարժ գույքի և 1000քմ ընդհանուր մակերեսով հողատարածքի իրավունքների պետական գրանցում։

ՀՀ գլխավոր դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2009 թվականի որոշմամբ բեկանվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 08.06.2001թ. թիվ 2-885 վճիռը և Կարեն Պողոսյանի դիմումը մերժվել է, ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2009թ. որոշմամբ վերադարձրել է ՀՀ վերաքննիչ դատարանի 18.07.2009թ. որոշման դեմ բերված Կ.Պողոսյանի վճռաբեկ բողոքը և դատական ակտը ստացել է օրինական ուժ։

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով կատարել Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 08.06.2001 թվականի վճռի շրջադարձ։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 21.10.2010 թվականի որոշմամբ դատախազության դիմումը բավարարվել է՝ կատարվել է Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 08.06.2001 թվականի թիվ 2-885 վճռի շրջադարձ։ Վերացվել է Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 08.06.2001 թվականի թիվ 2-885 վճռի հիման վրա 09.04.2002 թվականին կատարված Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում Երևանյան լճի հարևանությամբ գտնվող 1.000 քմ մակերեսով և 193,3 քմ ու 306,7 քմ մակերեսներով շինությունների նկատմամբ Կարեն Պողոսյանի վարձակալության և սեփականության իրավունքի գրանցումը։

ՀՀ վարչական դատարանը գտել է, որ անհիմն է Կարեն Պողոսյանի սեփականության իրավունքի դադարեցումը` այն հիմքով որ կատարվել է վճռի շրջադարձ և որի հիման վրա տրվել է կատարողական թերթ, քանի որ այն բացարձակապես չի վերաբերվում Կարեն Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին։

Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել