Փոխոստիկանապետը՝ ավելի քան 100 սյունեցու բերման ենթարկելու լուրերի մասին

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ  ապատեղեկատվություն է ավելի քան 100 սյունեցու բերման ենթարկելու վերաբերյալ լուրերը։

«Միանշանակ է, որ 100-ից ավելի սյունեցի չի կարող բերման ենթարկվել: Ակնհայտ ապատեղեկատվություն է: Ընդամենն իրականացվում են համապատասխան օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ։ Բերման ենթարկվածները շատ ավելի քիչ են՝ 2-3 մարդ, իմ տեղեկություններով, խուլիգանության դեպքի հետ է կապված»,-նշել է նա։

Փոխոստիկանապետն ասաց, որ Մեղրիի քաղաքապետի մասով առկա է առերևույթ հանցագործության կատարման դեպք, որի կապակցությամբ իրականցվում են միջոցառումներ: «Մեղրիի համայնքապետն այս պահի դրությամբ չի կալանավորվի, քանի որ որպես խափանման միջոց կալանքն ընտրվում է դատարանի կողմից», – ասաց նա:

Փոխոստիկանապետն անդրադարձավ հարցին, թե վարչապետն ԱԱԾ տնօրենին ու Ոստիկանապետին ուղղորդել է, որպեսզի Սյունիքում ձերբակալություններ տեղի ունենան. «Ի՞նչ է նշանակում բացահայտ ուղղորդել: Եթե կա առերևույթ հանցագործության դեպք, ապա իրավապահ մարմինները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցառումները: Ոստիկանությունն անգործության չի մատնվել: Նաև ոստիկանների համազգեստներից ակնհայտ երևում է, թե ինչ վիճակում են հայտնվել նրանք: Եթե դա դիտարկում եք անգործություն, ապա, կներեք, ոստիկանությունն այդ ուժերով ավելին չէր կարող անել: Լրացուցիչ ուժերի պարագայում, գուցե, հնարավոր լիներ»:

Փոխոստիկանապետը, միաժամանակ հերքեց, թե ոստիկաններով լի ավտոբուսներ են Երևանից Սյունիք գնացել: «Գնացել են այնքան, որքան անհրաժեշտ է հասարակական կարգն ապահովելու համար», – ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին և 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում էր, որտեղ այցելել է տարբեր համայնքներ։ Այցի ընթացքում քաղաքացիները ճանապարհներ են փակել, բողոքի ակցիաներ իրականացրել, հայհոյանքներ հնչեցրել,բացականչել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և այլ արտահայտություններ։

Տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հոդվածներով։

Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետին ու ոստիկանապետին հրահանգել է չմասնակցել խորհրդակցության, գնալ, զբաղվել քրեական գործով՝ միաժամանակ հույս հայտնելով, որ իրավապահները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, որ միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել