Այսօր Նիկոլ Փաշինյանը փորձելու է սյունեցիներից վրեժ լուծել։ Այս մասին կառավարական առանձնատան մոտ հավաքվածներին ասել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա հայտնեց, որ ամառանոցի մյուս մուտքն էլ են փակել։
«Նա, ինչպես շաբաթներ, ամիսներ շարունակ փորձում էր գաղտագողի մուտք գործել Ազգային ժողով, կառավարություն, նախարարություններ, այսօր ևս փորձելու է գաղտագողի մուտք գործել, որը նրան չի հաջողվելու։ Այսօր սյունեցին դիմավորեց այն մարդուն, որը իր քաղաքականությամբ թուրքին բերել, հասցրել է Սյունիքի դարպասների մոտ։ Այսօր սյունեցին եկավ նրա երեսին ասելու բառեր, որոնք մեր քաղաքացիները շատ շատերը դժվար օգտագործած լինեին»,-նշեց Մանուկյան։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը իր քինախնդրությամբ հանգիստ չի տալու, փորձելու է վրեժ լուծել։
Նշենք, որ կառավարական ամառանոցի տարածքում ոստիկանական ուժեր են բերվել։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ։ Մի խումբ քաղաքացիներ հայհոյանքներով փորձել են խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներ՝ վարչապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով ու «Նիկոլ դավաճան» գոռալով։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։