Հայաստանի Հանրապետության դատարանների հարցումներով օտարերկրյա պետությունների տարածքներում դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաև դատական ծանուցագրերի, որոշումների, վճիռների և այլ փաստաթղթերի հանձնումը և Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ գործողությունների կատարումը, ներառյալ` օտարերկրյա պետությունների իրավասու դատարանների հարցումներով Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատավարական գործողությունների կատարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Օտարերկրյա պետության իրավասու դատարանի հարցմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանները կիրառում են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները` համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված բացառություններով:
Օտարերկրյա պետության դատարանի հարցումների հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանները կարող են կիրառել համապատասխան օտարերկրյա պետության քաղաքացիական դատավարության օրենսդրության նորմերը, եթե այդ նորմերի կիրառման հնարավորությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով, կամ եթե այդ նորմերը չեն հակասում Քաղաքացիական դատավարության օրենսգրքին և քաղաքացիական դատավարության նորմեր պարունակող` Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին:
Օտարերկրյա պետության դատարանի հարցումները Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվում են Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետներում, եթե համապատասխան միջազգային պայմանագրով այլ ժամկետ սահմանված չէ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net