Ի՞նչ փաստաթղթով ընտրողը կարող է մասնակցել քվեարկությանը. պարզաբանում է ոստիկանությունը

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ ընտրողը քվեարկությանը կարող է մասնակցել անձնագրով (առանց կենսաչափական տվյալների), լիազոր մարմնի կողմից տրված՝ անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթով, իսկ զինծառայողները՝ զինվորական վկայականով կամ զինվորական գրքույկով, եթե քվեարկում են զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակով: 

Թեև «Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքների համաձայն նույնականացման քարտը և կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը համարվում են ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր, ընտրողը ՀՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրով կամ նույնականացման քարտով ընտրությանը չի կարող մասնակցել:

Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:

Եթե քաղաքացին քվեարկության օրը չի կարող ներկայացնել անձնագիր` այն կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու պատճառով, կարող է դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն` ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար:

Քաղաքացին դիմումը պետք է ներկայացնի անձամբ:

Դիմումի հետ ներկայացվում է 35 x 45 մմ չափսի երկու գունավոր լուսանկար:

Ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանալու համար պետական տուրք չի գանձվում: Այն տրվում է դիմում ներկայացնելուց հետո անմիջապես:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել