Աշխարհում դեռևս առողջության պահպանման առումով անհավասարություն է տիրում․ այսօր Առողջության համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի և նշվում է տարբեր կարգախոսներով և նշանաբաններով:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

2021 թվականի կարգախոսն է. «Կառուցել ավելի արդար և ավելի առողջ աշխարհ բոլորի համար»: Այս կարգախոսով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել առողջության անհավասարությունները վերացնելու ուղղությամբ՝ մեկ տարի տևող համաշխարհային արշավի շրջանակներում միավորելով մարդկանց ջանքերը՝ ավելի արդար, ավելի առողջ աշխարհ կառուցելու համար: Քարոզարշավը կարևորում է ԱՀԿ-ի սահմանադրական սկզբունքը, ըստ որի. «Առողջության բարձրագույն ստանդարտի հասնելը յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքն է՝ առանց ռասայի, կրոնի, քաղաքական համոզմունքի, տնտեսական կամ սոցիալական վիճակի տարբերակման»:

Աշխարհում դեռևս առողջության պահպանման առումով անհավասարություն է տիրում, ինչը ոչ միայն անարդար է, այլև սպառնում է մինչ օրս գրանցված առաջընթացներին և գնալով կարող է խորացնել սոցիալական անարդարությունը: Այնուամենայնիվ, առողջապահական անհավասարությունները կարող են կանխարգելվել այնպիսի ռազմավարությունների միջոցով, որոնք ուղղված են սոցիալական արդարության ապահովմանը` հատկապես առավել խոցելի և մարգինալացված խմբերի համար:

COVID-19-ն ուժեղ հարված է բոլոր երկրների համար, բայց դրա ազդեցությունն ամենադաժանն է այն համայնքների համար, որոնք արդեն խոցելի են, ավելի շատ են ենթարկվում հիվանդությունների, ավելի քիչ է որակյալ առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունը և ավելի մեծ է համաճարակի զսպմանն ուղղված միջոցառումների հետևանքով առաջացած անբարենպաստ արդյունքի հետ բախման հավանականությունը: Ահա թե ինչու ԱՀԿ-ն կոչ է անում առողջապահության ոլորտի ղեկավարներին` որոշումների կայացման գործընթացում ապահովել համայնքների ներգրավվածությունը, մշտադիտարկել առողջապահության ոլորտում անհավասարությունները և ապահովել, որ բոլոր մարդիկ ունենան մատչելի որակյալ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ համաձայն իրենց համայնքների ներսում ունեցած կարիքների և արժեքների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել