Ո՞ր հաստատությունները չեն կարող դառնալ տեղամասային կենտրոններ

Ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է և միաժամանակ պարտքը:

Ընտրություններին մասնակցելու իր իրավունքը քաղաքացին իրացնում է քվեարկելու միջոցով:

Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոնում:

Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին: Տեղամասային կենտրոնը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվի քվեարկության բնականոն ընթացքը: Ընտրական տեղամասում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող համապատասխան շենքերի, շինությունների բացակայության պատճառով, ընտրողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով տեղամասային կենտրոնի տեղակայման համար համայնքի ղեկավարը կարող է վարձակալել համապատասխան տարածքներ: Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի ընտրության և քվեարկության սենյակի` օրենքով սահմանված պահանջներին համապատասխան կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը:

Տեղամասային կենտրոնը չի կարող գտնվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմական ուսումնական հաստատությունների, զորամիավորումների և առողջապահության հիմնարկների զբաղեցրած շենքերում:

Համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններ կազմավորվում են նաև կալանավորված անձանց պահելու վայրերում:

Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել