Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է Քրիստինե Պ.-ին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Ֆրեշ» ՍՊԸ տարածքում իրականացրել է տարադրամի փոխանակման գործունեություն: Արդյունքում խոշոր չափերի գումարներ հափշտակելու դիտավորությամբ, մատչելի գնով արտարժույթ, թանկարժեք զարդեր գնելու և դրանք վերավաճառելու, ինչպես նաև վարկային գործունեություն ծավալելու համար չարաշահել է քաղաքացիների վստահությունր: Վերջիններիցս հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
2010թ. հուլիսից մինչև 2011թ. հուլիս ամիսն րնկած ժամանակահատվածում` տարբեր օրերին, հափշտակել է ընդհանուր՝ 1 միլիոն 532 հազար 100 ԱՍՆ դոլար, 30.000 եվոր և 6.880.000 ՀՀ դրամ:
Քրիստինե Պ-ի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի, 3 մասի, 1-ին կետով: Այն սահմանում է, որ խարդախությունը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net