Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

Ապրիլի 5-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաններից մեկն էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր խոսքում նշեց. «Ինչպես գիտեք, ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո այլ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ անհետաձգելի հարցերից է դարձել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանումը, վանդալիզմի դեպքերի կանխումը և մշտադիտարկման ապահովումը։

Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում գտնվող հազարավոր պատմամշակութային և կրոնական հուշարձաններ հայտնվել են ոչնչացման վտանգի տակ: Այս հուշարձանները, որոնք տարածաշրջանում հայ ժողովրդի դարավոր պատմության իրեղեն ապացույցն են, մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային ժառանգության տեսանկյունից:

Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից դրանց դիտավորյալ վնասման բազմաթիվ նախադեպերը, տասնամյակներ շարունակ իրականացված հայատյաց քաղաքականությունն ու հայկական մշակութային ժառանգության համակարգված ավերումը: Դրա մասին է վկայում նաև Նախիջևանի հարուստ հայկական մշակութային ժառանգության՝ շուրջ 28.000 հուշարձանների ոչնչացումը»։

Իր խոսքում նախարար Այվազյանն ընգծեց, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջին իսկ օրերից տարվել են անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Արցախի պատմամշակութային կոթողների պաշտպանության կարևորության վրա։ Ադրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախ առաքելության գործուղմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ հայկական կողմը կառուցողական երկխոսության մեջ է կազմակերպության հետ, և ակտիվ ջանքեր են գործադրվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից ի սկզբանե հայտարարված և Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի հայտարարությամբ վերահաստատված ձևաչափով առաքելություն իրականացնելու ուղղությամբ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց, որ Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ն շարունակելու է իր հետևողական աշխատանքները:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի հուշարձանների և թանգարանների պաշտպանության ուղղությամբ գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքները: Նախարար Դումանյանն ընդգծեց, որ համապատասխան միջազգային հարթակներում և գործընկերների հետ շփումներում մշտապես բարձրաձայնվում է համամարդկային արժեքներ հանդիսացող հայկական մշակութային արժեքների անվտանգության և ապահովության երաշխավորման հարցը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր փոխանակեցին հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված ծրագրերի իրականացման շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել