Ինչո՞ւ են առանց հիմնավորման Խաչիկյանին ազատել աշխատանքից

Ռուբեն Խաչիկյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՉՀԱ «Մարդը դժբախտության մեջ» (People in need) ընկերության Հայաստանյան մասնաճյուղի` աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար վճարման պահանջների մասին:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2012թ. վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է։ Հայցվորի կողմից վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը բավարարվել է, ամբողջությամբ բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2012թ. վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության։

Հայցվորը դատարանին հայտնել է, 31.03.2009թ. հայցվորի և ՉՀԱ «Մարդը դժբախտության մեջ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ի դեմս նախագահ էդուարդ Սարկիսյանի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր, համաձայն որի Ռուբեն Խաչիկյանը աշխատանքի է ընդունվել մասնաճյուղում որպես Ծրագրի Գեղարքունիքի մարզային կենտրոնի համակարգող։ Աշխատանքային պայմանագիրը կնքվել է 2009թ. ապրիլի 1-ից մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Պատասխանողի 01.09.2010թ. 127 հրամանով լուծվել է հայցվորի հետ 31.03.2009թ. կնքված աշխատանքային պայմանագիրը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ կետերի և 123-րդ հոդվածով նախատեսված հիմքերով։

Հայցվորի խոսքով՝ իր կողմից 01.09.2010թ. ժամը 13։08-ին էլեկտրոնային փոստով պատասխանողին է ուղարկել հերթական արձակուրդ տրամադրելու մասին դիմում և միաժամանակ գրությամբ տեղեկացրել է, որ «վաղը կներկայացնեմ դիմումի բնօրինակը»։ Մինչդեռ դիմումին պատասխանելու փոխարեն՝ նույն օրը, ժամը 17։18-ին պատասխանողի կողմից հայցվորին էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել է «Ռուբեն Խաչիկյանի կողմից 2010թ. օգոստոսի 2-ից օգոստոսի 6-ը անհարգելի բացակայության և անաշխատունակության թերթիկ չներկայացնելու պատճառով վերոհիշյալ օրերի բացակայությունը անհարգելի համարելու և այդ օրերի համար աշխատավարձ չհաշվարկելու մասին» 31.08.2010թ. N125 և «Ռուբեն Խաչիկյանին աշխատանքից ազատելու մասին» 01.09.2010թ. N127 հրամանները։

Դատարանի վերլուծությամբ՝ Գործատուի 31.08.2010թ-ի թիվ 125 հրամանով Ռուբեն Խաչիկյանի կողմից 2010թ-ի օգոստոսի 2-ից օգոստոսի 6-ն աշխատանքի չներկայանալը համարվել է անհարգելի բացակայություն և հրամայվել է նշված օրերի բացակայությունը համարել անհարգելի և այդ օրերի համար աշխատավարձը չհաշվարկել։

Դատարանը գտնում է, որ գործատուի 31.08.2010թ-ի թիվ 125 հրամանը որպես կարգապահական տույժի տեսակ նախատեսված չէ, ուստի այն չի կարող դիտվել որպես կարգապահական տույժ, իսկ անվավեր պայմանագիրը հիմք չի կարող հանդիսանալ գործատուի նախաձեռնությամբ պայմանագիրը լուծելու համար։ Իսկ ինչ վերաբերվել է հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջին, դատարանը գտել է, որ այն ենթակա է բավարարման: Դատարանը գտնում է, որ պատասխանողից հօգուտ հայցվորի ենթակա է բռնագանձման 1.933.500 /15×128.90/ ՀՀ դրամ որպես հարկադիր պարապուրդի գումար։

Դատարանը վճռեց հայցը բավարարել: Պարտավորեցնել պատասխանող ՉՀԱ «Մարդը դժբախտության մեջ» ընկերության Հայաստանյան մասնաճյուղին հայցվոր Ռուբեն Խաչիկյանին վճարել 01.09.2010 թվականից մինչև 31.12.2011թ. հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը` 1.933.500 /մեկ միլիոն ինը հարյուր երեսուներեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ։ Հայցադիմումը մնացած մասով մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել