Պետբյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 միլիարդ դրամով. վարչապետ

Պետական բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 միլիարդ դրամով և առևտրի շրջանառությունը՝ էլի առաջին եռամսյակի տվյալներով ու մարտ ամսվա տվյալը առանձին վերցրած՝ էական աճ է արձանագրել։

Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կխնդրեմ, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը մանրամասնի թվերը»,-ասաց վարչապետը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ դիտարկվել են ինչպես ամսական, այսինքն՝ մարտ ամսվա տվյալները, այնպես էլ եռամսյակային տվյալները:

«Մասնավորապես, առևտրաշրջանառության և կատարված գործարքների մասով մարտ ամսվա ընթացքում, նախորդ տարվա մարտի համեմատ, հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների քանակն ավելի է 8 647 000 հատով, որի գումարային արտահայտության տարբերությունն անցյալ տարվա նկատմամբ կազմում է 122 մլրդ դրամ:

Եռամսյակային կտրվածքով՝ իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116,8 մլրդ դրամ, գործարքների քանակով՝ 6 200 000 հատ: Հարկային եկամուտների հավաքագրումների մասով նշեմ, որ Կառավարության որոշմամբ սահմանված եռամսյակային համամասնությամբ՝ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 332,9 մլրդ դրամ: Դրական տարբերությունը կազմում է 27,9 մլրդ դրամ: Սակայն հաշվի առնելով, որ 332,9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև դրոշմանիշային վճարների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ և նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական, հնարավոր չափը, որը կկազմի 310,6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ: Շնորհակալություն»,-ասաց նա։

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն ավելացրեց, որ նշված փաստացի ցուցանիշների հանգամանքից ելնելով՝ կանխատեսվում, որ հարկային եկամուտների տարեկան ցուցանիշը կգերակատարվի շուրջ 40 մլրդ դրամով, և առաջիկայում 1 տրիլիոն 440 մլրդ դրամը 1 տրիլիոն 480 մլրդ դրամի ավելացման նախագիծ կներկայացվի կառավարության քննարկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել