Կկարգավորվի մահացած ծնված (մեռելածին) երեխաների հուղարկավորության կարգը․ ԱՆ

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծ, որը վերաբերում է մահացած ծնված (մեռելածին) երեխայի հետագա հուղարկավորությանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մահացած ծնված (մեռելածին) երեխայի հետագա հուղարկավորության կամ ոչնչացման հարցում ներկայումս առկա անորոշությամբ, քանի որ գործող օրենսդրությամբ  վերջիններս չեն կարող հուղարկավորվել, հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման, միաժամանակ մեռելածինը չի հանդիսանում կենսաբանական թափոն:

Առաջարկվող կարգավորումներով ծնողին հնարավորություն է տրվում ստանձնել մահացած ծնված երեխայի հուղարկավորությունը` այդ մասին նրա կողմից ցանկություն հայտնելու դեպքում: Ծնողի կողմից հուղարկավորությունը ստանձնելուց հրաժարվելու դեպքում առաջարկվում է մեռելածնի դին հրկիզել` հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:

Ներկայումս մահացած ծնված պտուղների աճյունները ոչնչացվում են «ԷԿՈԼՈԳԻԱ Վ. Կ. Հ.» ՍՊԸ-ի միջոցով, որն իրականացնում է իր գործունեությունը վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիայի ներքո` պտղի հերձում իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի շրջանակներում այն դեպքում, երբ մահացած ծնված պտուղը կենսաբանական թափոն չի համարվում:

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ հարցը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ, որի ընթացքում առաջ քաշվեցին նաև խնդրի կարգավորման էթիկական ասպեկտները, ինչպիսիք են` մահացած ծնված երեխային` կենսաբանական թափոն դիտարկելու և Հրամանով նախատեսված կարգավորումների ներքո ոչնչացվելու աննպատակահարմարությունը, քանի որ այսօր ամբողջ աշխարհում ավելանում են, իսկ Հայաստանում արդեն լինում են դեպքեր, երբ ծնողները պահանջում են մահացած ծնված երեխայի դին և հանձն են առնում նրա հուղարկավորությունը, հաշվի առնելով, որ մեռելածին պտուղը կարող է լինել 500 գրամից մինչև 3000 գրամ և ավել քաշի, և վերջինիս պարագայում զգայական մակարդակում ծնողի կողմից ընկալվել է որպես նորածին երեխայի դի:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով մեռելածինների տարեկան քանակը (2016-2019թթ. տատանվել է 600-700 միջակայքում), հուղարկավորության ֆինանսական բեռը և հողահատկացման հետ կապված խնդիրները, հուղարկավորությունը ստանձնող անձ չլինելու դեպքում նպատակահարմար չէ համայնքի ղեկավարի կողմից (ինչպես դա արվում է մահացած նորածնի դեպքում) կազմակերպել մահացած ծնվածի հուղարկավորությունը հողին հանձնելու միջոցով: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Հայաստանում փաստացի դիակիզարաններ չեն գործում, նախագծով առաջարկվում է մեռելածնի դին հրկիզել` հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, միաժամանակ դիտարկելով վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ունեցող կազմակերպություններին հրկիզման եղանակով մահացած ծնված պտուղների աճյունները ոչնչացնելու իրավունք վերապահելու հնարավորությունը:

Նման կարգավորման ներքո մեռելածնի աճյունը չի համարվի կենսաբանական թափոն, ինչը, նախարարության համոզմամբ, ընկալելի չի լինի հասարակության ստվար զանգվածի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել