Դատավորը բավարարեց իրեն ինքնաբացարկ հայտնելու մասին հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը

«ՍԻԼ» հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան (դատավոր՝ Ռոբերտ Սարգսյան) ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ի` ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից 22.06.2011թ. կայացված ապրանքային նշանը գրանցելու մասին որոշումը, ինչպես նաև որոշման հիման վրա 19.09.2011թ. կատարված գրանցումը` «ARARAT» բառի իրավական պահպանության տալու մասով առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին։

Հայցվոր «ՍԻԼ» հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի ներկայացուցիչը 09.11.2012թ. ՀՀ վարչական դատարան է ներկայացրել միջնորդություն` դատավորի ինքնաբացարկի մասին, որով հայտնել է, որ իր կողմից 06.11.2012թ. դատական նիստի ընթացքում հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի առաջին մասի դրույթները` ներկայացվել է միջնորդություն` գործի ելքի համար էական նշանակություն ունեցող ապացույցը ձեռք բերելու համար, ինչը սակայն դատարանի կողմից մերժվել է, և ըստ էության դատարանը հայցվորին զրկել է իրեն վերաբերող գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն իրականացնելու, վարչական գործն իրեն համար անհրաժեշտ բոլոր ապացույցների համատեքստում քննություն իրականացնելու հնարավորությունից:

Ընկերության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Էրեբունու քննչական բաժնի կողմից նախապատրաստվել են նյութեր և կայացվել է որոշում «ՍԻԼ» հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի կողմից «Արարատ» անվանման օգտագործման փաստով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Էրեբունու քննչական բաժնի կողմից կայացված որոշումը ենթարկվել է դատական ստուգման: Հայցվորը դեռևս 30.07.2012թ. դիմել է ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչության Երևան քաղաքի վարչության Էրեբունու քննչական բաժնի պետին` խնդրելով տրամադրել «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերի և կայացված որոշումների պատճենները, սակայն մինչև օրս հայցվորի կողմից պահանջված նյութերը հայցվորին չեն տրամադրվել։ Այդ իսկ պատճառով հայցվորը միջնորդություն էր ներկայացրել դատարան, սակայն Դատարանն առանց պատճառաբանության կայացրել է միջնորդությունը մերժելու մասին որոշում։

ՀՀ վարչական դատարանը որոշեց դատավոր Ռոբերտ Սարգսյանին ինքնաբացարկ հայտնելու մասին հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարել և հայտնել ինքնաբացարկ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել