ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կողմից այսօր սրճարանում լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման մասին հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Նշենք, որ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպը: Դեպքի առնչությամբ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ սրճարաններում մեկում տեսել է նախարար Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում, Արշակյանը պատասխանել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Ըստ լրագրողի՝ դրանից հետո նախարարը խնդրել է անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: