Այսօր «Ազնավուր» հիմնադրամն ընդունել է շուրջ 105 տոննա մարդասիրական օգնություն` Արցախյան երկրորդ պատերազմից տուժած բնակչության համար: Այս մասին հայտնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։
«Օգնության այս նոր խմբաքանակը եւս Հայաստան է ուղարկվել Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Ճգնաժամային աջակցության կենտրոնի» աջակցությամբ՝ ծովային ճանապարհով, այնուհետեւ ցամաքային ճանապարհով փոխադրվել Երեւան: Հումանիտար բեռի մաքսազերծումը տեղում իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից՝ կիրառելի օրենսդրությանը համապատասխան: Օգնության այս խմբաքանակը ներառում է բժշկական պարագաներ, մասնավորապես՝ ֆունկցիոնալ բժշկական մահճակալներ, ինչպես նաեւ հագուստ եւ հիգիենայի պարագաներ:
Ընդհանուր առմամբ, իր հումանիտար ծրագրի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամի եւ վերջինիս շուրջ համախմբված գործընկեր կազմակերպությունների միջոցով Ֆրանիսայում եւ Շվեյցարիայում գտնվող 19 ընդունման կետերում հավաքագրվել է ավելի քան 175 տոննա մարդասիրական օգնություն:
Օգնությունը ստանալու մասին մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։ Խնդրում ենք հետևել մեր էջի թարմացումներին»,- ասված է հայտարարության մեջ։