Արմեն Մարգարյանը, Ռուբեն Թիրաբյանը, Գևորգ Ավագյանը, Գրիշա Բաղդասարյանը և Արմեն Դանիելյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության և ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ մինիստրների խորհրդի նախագահի 11.05.1991 թվականի դրամական օգնություն ցույց տալու մասին հանձնարարականով նախատեսված գումարի բռնագանձման պահանջի մասին։
Դիմելով դատարան` հայցվորները հայտնել են, որ 1980թ.-ին հուլիսի 30-ին Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 370 որոշման հիման վրա ՀԽՍՀ Ներքին Գործերի նախարարության կազմում կազմավորվել է «Միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատ»-ը (ՄՕՀՋ), որը հանդիսացել է ՆԳՆ Երևան քաղաքի ՆԳ վարչության ստորաբաժանում։
1990թ. օգոստոսին ընդունվել ենք աշխատանքի ՆԳՆ ՄՕՀՋ ծառայություն։
1991թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի ՆԳ վարչության ՄՕՀՋ պետի թիվ 114 հրամանով գործուղվել են ՀՀ Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղ։
Իրենք` թվով 11 ՆԳՆ ՄՕՀՋ ծառայողներ, Կոռնիձոր գյուղում իրականացնում էին գյուղի սահմանների պաշտպանական ծառայություն և դիրքավորվել էին Կոռնիձոր գյուղից դուրս` դեպի Ադրբեջանի սահման տանող դիրքերում։ 1991թ.-ի մայիս 7-ին վաղ առավոտյան Կոռնիձոր գյուղը ենթարկվել է ռմբակոծության Խորհրդային Բանակի և Ներքին Զորքերի զորամիավորումների կողմից, օգտագործելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա։ Խորհրդային միության ռազմական հրամանատարության հրամանով, ինչպես հետագայում տեղեկացան, անցկացվում էր տխրահռչակ «Կոլցո» օպերացիան, որը ուղղված էր այսպես կոչված, ԽՍՀՄ օրենսդրությունից դուրս կազմավորված զինված խմբավորումներին զինաթափելուն։ Արդյունքում, դարձել են սեփական ԽԱՀՄ երկրում գերիներ և պետության կողմից իրականացված պետական տեռորի զոհեր։
11.05.1991թ. ընդունվել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդի կարգադրությունը, որով որոշվել է պահուստային ֆոնդից 20000 (քսան հազար) ռուբլու չափով նյութական օգնություն տրամադրել ներքին գործերի նախարարության աշխատակիցներին, որոնք սովետական բանակի զորամիավորումների և ներքին գործերի նախարարության կողմից 1991 թվականի մայիսին Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրականացված պետական ահաբեկչության զոհ են դարձել։
Այդ տարիներին և ոչ էլ դրանից հետո իրենց ոչ մի նյութական օգնություն կամ փոխհատուցում, վարչապետի հանձնարարության համաձայն, չի տրվել և իրենք մինչ օրս չեն ստացել նշված գումարները։
Սույն հարցով դիմել են ՀՀ Նախագահին, և 18.06.2009թ. ՀՀ ոստիկանությունը պատասխանել է նյութական օգնության տրամադրման վերաբերյալ հայցվորների գրավոր դիմումին, մերժելով նրանց խնդրանքը։
Սույն գործով հայցվորները վարչական դատարան են ներկայացրել տվյալ հայացադիմումը 2010 թվականի հունիսի 11-ին։ Հայցվորնեը վարչական դատարան խնդրանք են ներկայացրել` ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ֆինանսների նախարարությանը պարտավորեցնելու` 1991 թվականի մայիսի 11-ի ՀՀ նախարարների խորհրդի նախագահի կարգադրության համաձայն հայցվորներին որպես նյութական օգնություն վճարել 20000 (քսան հազար) ռուբլուն համարժեք դրամ։ Այսպիսով, հայցվորները պահանջում են վերոնշված մարմիններին պարտավորեցնել կատարելու համապատասխան գումարի վճարում։ Այսինքն` հայցվորները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն ներկայացրել են գործողության կատարման հայց։
Դատարանի եզրահանգմամբ՝ հայցվորները 2009 թվականի հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության կողմից ստացել են սույն հարցով իրենց դիմումների պատասխաններ։ Ակնհայտ է, որ հայցվորներն իմացել են ՀՀ նախարարների խորհրդի 1991 թվականի մայիսի 11-ի կարգադրության հիման վրա նրանց գումար վճարելուց ՀՀ ոստիկանության հրաժարվելու մասին և վարչական դատարան են դիմել միայն 2010 թվականի հունիսի 11-ին, այսինքն` բաց են թողել հայց ներկայացնելու օրենսդրի կողմից սահմանված դատավարական ժամկետը, իսկ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը ներկայացնելուց հրաժարվել են։
Դատարանը վճռեց վարչական գործի վարույթը կարճել։
Աղբյուրը` Իրավաբան.net