Մարտի 1-ի գործի բացահայտումը պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր համար սկզբունքային նշանակություն ունեցող երևույթ է դիտարկել։
Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը` նշելով, որ խոսելու է միջազգային իրավական փաստաթղթի մասին։
«Հեղափոխությունից առաջ և հետո Մարտի 1-ի գործով ես մշտապես եղել եմ ամենահետևողական լրագրողներից մեկը, որ գործի բացահայտման մասով բարձրաձայնել եմ և այդ սկզբունքայնությունը դրսևորել եմ նաև խորհրդարանում։
Երբ նախկինում «Իմ քայլը» խմբակցության անդամ էի, մշտապես իմ գործընկերները ասում էին՝ դու շտապում ես քո եզրակացությունների մեջ, որ Մարտի 1-ի գործը չի բացահայտվում, որ մի քիչ համբերենք՝ կլսենք սենսացիոն բացահայտումներ և այլն, բայց ամեն դեպքում արձանագրենք, որ այն, որ մինչև հեղափոխությունն անընդհատ ասվում էր՝ հենց իշխանափոխություն եղավ ժամերի կամ օրերի հարց է լինելու Մարտի 1-ի գործի բացահայտումը, ըստ էության, մենք հիմա՝ հեղափոխությունից 2,5 տարի ունենք այն իրավիճակը, որ մինչև հիմա անհայտ է, թե ովքեր սպանեցին 10 քաղաքացիների։ Ո՞վ հրաման տվեց փողոցում գնդակահարել ցուցարարներին և ինչպես մահացան այդ մարդիկ։ Ու Մարտի 1-ի զոհերի ծնողները մինչև հիմա էլ չեն կարողանում այդ կարևորագույն հարցի պատասխանն ունենալ։
Հիմա ուզում եմ արձանագրել, որ Գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունն անընդհատ հավաստիացնում է, որ գործի բացահայտմանը խանգարում են մի քանի հետախուզվող մարդիկ, հիմա դրանց էլ կբերենք, հարցերը կկարգավորվեն, ամեն ինչ կբացահայտվի, բայց կյանքը ցույց է տալիս, որ նույնիսկ այն մարդիկ, որ ասում են՝ մենք պատրաստ ենք գալ, ցուցմունքներ տալ, ՀՔԾ-ն ու դատախազությունը չեն ընդառաջում»,-ասաց Թովմասյանը։
Պատգամավորի խոսքով՝ ստացվում է, որ շատ մարդիկ, ովքեր լքեցին ՀՀ-ն՝ հայտարարում էին, որ քաղաքական հետապնդման էին ենթարկվում ու փորձում էին իրենց ձևակերպմամբ դա ապացույցել ու այդ պաշտոնյաների մեջ էր նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Նա նշեց, որ մշտապես քննադատել է Կոստանյանի գործունեությունը և խնդիրը բնավ անձի մեջ չէ։
«Ես կհրապարկեմ միջազգային հեղինակավոր քրեական ոստիկանության՝ Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Ավում է՝ Գլխավոր քարտուղարությունը վկայակոչում է ընդհանուր տագնապի մասին ներքոնշյալ հաղորդագրությունը, որը տարածել է ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն՝ Գևորգ Կոստանյանի վերաբերյալ․ խնդրում ենք հաշվի առնել, որ իրավաբանական փորձաքննությունից հետո Գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ հետախուզվող անձի մասին ծանուցումը չի համապատասխանում Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին։
3-րդ հոդվածում ասվում է՝ Կազմակերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, կրոնական, ռասսայական բնույթի որևէ միջամտություն։ Այսինքն Գևորգ Կոստանյանի գործն Ինտերպոլը համարել է քաղաքական և համապատասխանաբար ծանուցում չի ուղարկել և այդ անձի վերաբերյալ տեղեկությունն Ինտերպոլի դեռևս 2020 թվականի ապրիլի 4-ին տվյալների բազայից հանվել է։
Այսպիսով ոչ մի կապ կամ համագործակցություն ոստիկանության հետ տվյալ գործով չի իրականացվել Ինետրպոլի և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի խողովակներով անձի դեմ, տվյալ դեպքում ձեռնպահ մնալով Ինետրպոլի խողովակները կիրառելուց անձի կամ նրա ընտանիքի անդամների գտնվելու վայրը պարզելու համար նրա ձերբակալման, կալանավորման կամ տեղաշարժի սահմանափակման խնդրանքով և կամ նրան հանձնելու, արտահանձնելու կամ նմանատիպ գործողությունների իրականացումը պահանջելու համար։ Մենք նաև դիմում ենք մեր բոլոր անդամ երկրներին՝ իրենց ազգային տվյալների բազաները համապատասխան ձևով թարմացնելու համար։
Ի՞նչ է սա նշանակում․ պարզվում է, որ դեռևս 2020 թվականի ապրիլի 10-ին Միջազգային քրեական ոստիկանությունը, ըստ էության մերժել է Հայաստանի իրավապահներին հետախուզել Գևորգ Կոստանյանին, իսկ մենք լսում էինք, որ գլխավոր դատախազությունը, ՀՔԾ-ն անընդհատ ասում էին, որ հետախուզում են հայտարարել՝ այնինչ նրանք արդեն մերժվել էին։ Մերժվել էին այն հիմնավորմամբ, որ քաղաքական գործ է և մենք չենք հետախուզում էդ անձնավորությանը։
Ավելին՝ Ինտերպոլը մերժել է համագործակցել մեր երկրի հետ՝ Գևորգ Կոստանյանի դեպքով՝ կոչ անելով չօգտագործել Ինտերպոլի խողովակներն ու չպահանջել նրա հետախուզումը»,-ասաց Թագուհի Թովմասյանը։