Ա.Աղասյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարության` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 12.05.2012թ. թիվ 1157 ա/վ հրամանն անվավեր ճանաչելու և վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ ինքը 06.08.2005թ. ՀՀ ՊՆ հետ կնքել է պայմանագիր` Ռուսաստանի Դաշնությունում ռազմական կրթություն ստանալուց հետո Հայաստանի զինված ուժերում ծառայելու մասին։
Համաձայն պայմանագրի` 24.06.2010թ. Ա.Աղասյանը ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 1037 հրամանով նշանակվել է ՊԲ 46492 զ/մ վերանորոգման վաշտի հրամանատարի տեղակալ։ 2011թ. մարտի 14-ին Աղասյանի հաստիքը կրճատվել է և մնացել կադրերի տրամադրության տակ։ Աղասյանը մի քանի անգամ դիմել է իրեն զորոցրելու խնդրանքով, սակայն զեկուցագրերը մնացել են անհետևանք։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը 12.05.2012թ. հրապարակել է թիվ 1157 ա/վ հրամանը, որով լեյտենանտ Ա.Աղասյանին` թողնված պաշտպանության բանակի կադրերի բաժնի տրամադրության տակ նշանակել է ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 40133 զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի վերանորոգման դասակի հրամանատար։ Իր և ՀՀ պաշտպանության նախարարության միջև փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ զինվորական ծառայություն անցնելու մասին օրենքով։ Ըստ սույն օրենքի և պայմանագրի` Ա. Աղասյանը հանդիսացել է պայմանագրային զինվորական ծառայող։
Դատարանի գնահատմամբ անհիմն է հայցվորի փաստարկն այն մասին, որ վիճարկվող հրամանն անվավեր է, քանի որ համաձայն օրենքի` նախկին պայմանագիրը Ա. Աղասյանի հետ դադարել է, իսկ նոր պայմանագիր չի կնքվել` նկատի ունենալով, որ առկա չէ Ա. Աղասյանին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման, նա չի հանվել զորամասի անձնակազմի ցուցակից, իսկ նոր պայմանագիր չի կնքվել, ինչից հետևում է, որ ՀՀ ՊՆ ռազմական կրթության վարչության պետի տեղակալ, գնդապետ Է. Ոսկանյանի և կուրսանտ Ա. Աղասյանի միջև 06.08.2005թ. կնքված ՀՀ ՊՆ և արտերկրների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու և հետագա զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագրի գործողությունը դադարեցված չէ։
Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության 08.04.2010թ. թիվ 393-Ն որոշմամբ հաստատված կարգով, թեև հայցվորի կողմից զինվորական ծառայությունից արձակվելու վերաբերյալ զեկուցագրերով հայտնել է, որ պատրաստ է վճարել ուսման հետ կապված ծախսերը, մինչդեռ, դատաքննության ընթացքում հայցվորը հայտնել է, որ հրաժարվում է ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցումից։
Դատարանը սույն գործով վճռեց հայցը մերժել։
Աղբյուրը` Իրավաբան.net