Գագիկ Ս.-ը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` 05.04.2012թ. թիվ 1200030940 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հայցվորը հայտնել է, որ Գագիկ Ս.-ն հանդիսանում է ՎԱԶ 2106 մակնիշի տրանսպորտային միջոցի սեփականատերը։ 2012թ. ապրիլի 17-ին ստացել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության 1200030940 որոշումը վարչական տույժ նշանակելու մասին։ Համաձայն ՃՈ-ի թիվ 1200030940 որոշման` «…VAZ 2106 մակնիշի … տրանսպորտային միջոցի վարորդը 02.04.2012թ., ժամը 18։48-ին ք.Երևան, Մաշտոց- Թումանյան խաչմերուկի հատվածում խախտել է խաչմերուկի անցման կանոնները, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասով…»։ Մեքենան վարելիս է եղել հայցվորի որդին՝ Արտակ Ս.-ն։
Հայցվորը որպես վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու հիմք, նշել է, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշման մեջ նշված չէ, թե կոնկրետ որ կանոնն է խախտել վարորդը։
Դատարանի գնահատմամբ անհիմն է հայցվորի նշված փաստարկը` նկատի ունենալով, որ անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասով` խաչմերուկի անցման կանոնները խախտելու համար, ինչը որ նշված է վարչական ակտում։
Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել:
Աղբյուրը` Իրավաբան.net