Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի նախագիծը։
Չափորոշիչը սահմանում է ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, նախադպրոցական տարիքի երեխաներին ներկայացվող որակական պահանջները (կարողունակություններ` կոմպետենցիաներ), ըստ տարիքային խմբերի՝ կրթության և զարգացման վերջնարդյունքները, ինչպես նաև նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական հաստատություններին ներկայացվող միջավայրի ձևավորման չափանիշները:
Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Հիմնվելով հանրակրթության պետական չափորոշչի վրա՝ նախադպրոցական կրթության չափորոշիչը վերանայվել է՝ ապահովելու հարթ անցում նախադպրոցական մակարդակից դեպի տարրական դպրոց, ինչպես նաև որդեգրելով նույն՝ կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը։
Սահմանվել են հետևյալ կարողունակությունները.
Լեզվական և հաղորդակցական,
Ճանաչողական և մոտիվացիոն,
Ինքնաճանաչողական և սոցիալական,
Ժողովրդավարական և քաղաքացիական,
Թվային և մեդիա,
Մշակութային,
Մաթեմատիկական և տեխնիկական,
Տնտեսական,
Ֆիզիկական կրթություն և առողջ ապրելակերպ
Վերանայման աշխատանքներն իրականացվել է մասնագիտական խմբի կողմից, որում ներառված են եղել նախադպրոցական կրթության մասնագետներ, հոգեբաններ, ներառական կրթության մասնագետներ։
Չափորոշչի հիման վրա նաև պետք է վերանայվեն միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների (բաժինների) ուսումնական ծրագրերը և վերապատրաստումների թեմատիկ պլանները, ծնողական կրթության ծրագրերը:
Նախագծին կարող եք ծանոթանալ e-draft.am հարթակում՝ https://www.e-draft.am/projects/3104/about
Առաջիկայում կկազմակերպվեն նաև հանրային քննարկումներ՝ նախագծի վերաբերյալ դիտարկումներ և առաջարկներ ստանալու, այն բարելավելու համար։