Ապրիլի 27-ին ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` 1984 թ. ծնված Գեղամ Հ.-ի բնակարանի խուզարկությամբ, լոգարանից հայտնաբերել և առգրավել են1լ. տարողությամբ պոլիէթիլենային տարա` պատերին սպիտակ նստվածքով: Նույն տարողությամբ պոլիէթիլենային տարա է հայտնաբերվել նաև հատակին 2 սմ բարձրությամբ դարչնագույն նստվածքով: Նաև նույն տարողությամբ տարա մոտ 20 գ հեղուկով, 10 մլ տարողությամբ ներարկիչներ, որից 4-ը` օգտագործած, «Պենտալգին» դեղահաբի դատարկ տուփ, 30 մլ տարողությամբ յուղի 2 տարա, տարբեր տեսակի դեղերի 6 շերտատուփ և էմալապատ ափսեներ:
Նույն օրը բնակարանից բերման են ենթարկվել Գեղամ Հ.-ն, 1977 թ. ծնված Մհեր Ս.-ն, 1970 թ. ծնված Աշոտ Ս.-ն և 1976 թ. ծնված Հակոբ Չ.-ն, իսկ 1985 թ. ծնված Էդմոն Ք.-ն բերման է ենթարկվել նույն շենքի շքամուտքից:
Գեղամ Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, որի միջոցով ինքը պատրաստել է թմրամիջոց` ներարկելու միջոցով օգտագործելու համար: Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Աղբյուրը` Իրավաբան.net