«Հիդրոէներգաշին» ՓԲԸ տնօրենը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ աշխատանքի պետական տեսչության` «Միջամտող վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու» պահանջի մասին և հայտնել, որ ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից 10.05.2010թ.-ին կայացվել է թիվ 17 վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, ըստ որի՝ «Հիդրոէներգաշին» ՓԲ ընկերության տնօրեն Վարդան Վ.-ի նկատմամբ նշանակվել է 10.856.625 դրամի չափով վարչական տուգանք։
Վերոգրյալ որոշմանը նախորդել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 02.04.2010թ.-ի թիվ 24 ծրագրային ստուգում անցկացնելու հանձնարարագրի հիմքով, տեսչության կողմից անցկացված ստուգումները։ Ամբողջ սպեկտրով ստուգումներից հետո խախտումներ չեն հայտնաբերվել, բացի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված աշխատավարձի վճարման ժամկետների խախտումներից, ինչը և արձանագրվել է 30.04.2010թ.-ին կազմված թիվ 24 ստուգման ակտով, համաձայն որի 2010թ. ապրիլի 19-ի դրությամբ ընկերության աշխատակիցներին չվճարված աշխատավարձի պարտքը կազմում է 43.426.500 դրամ։
Դատարանի եզրահանգմամբ՝ վիճարկվող վարչական ակտի պատճառաբանական մասի համաձայն` վարչական մարմինը ակտում նշված հանգամանքները հաստատված և հիմնավորված է համարել «վարչական իրավախախտման արձանագրության, ստուգման ակտի, չվճարված աշխատավարձերի վերաբերյալ 27.04.2010թ. կազմված արձանագրության, չվճարված աշխատավարձի վերաբերյալ ընկերության կողմից տրված տեղեկանքի, հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի» հիման վրա։ Նման պայմաններում դատարանը հետազոտելով ակտում նշված, վարչական ակտի կազմման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը, եզրակացրել է, որ դրանցով ըստ էության չի հիմնավորվում ընկերության կողմից «2009թ. ապրիլից 2010թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում» չվճարված աշխատավարձի չափն ընդհանուր 43.426.500 դրամ կազմելու հանգամանքը։
Դատարանը եզրակացրել է, որ պատասխանողի կողմից չեն պահպանվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի պահանջները, այն է` տվյալ դեպքում չի ապահովվել գործի վարչական վարույթում քննության ընթացքում հանգամանքների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ պարզումը։ Չեն պահպանվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի պահանջները, այն է` գործը քննելիս չեն պարզվել թե ստույգ որ աշխատողների, և յուրաքանչյուր աշխատողի մասով ինչքան է կազմում չվճարված աշխատավարձի չափը, որքան է ստույգ կազմել 2009թ. ապրիլ ամսվանից մինչև տվյալ տարվա վերջ ընկերության չվճարված աշխատավարձի չափը։ Նշված հանգամանքների պարզումն ըստ էության կնպաստեին գործի ճիշտ լուծմանը։
Ոսւտի դատարանը վճռեց «Հիդրոէներգաշին» ՓԲԸ-ի տնօրեն Վահան Վ.-ի հայցն ընդդեմ ՀՀ աշխատանքի պետական տեսչության` «Միջամտող վարչական ակտը վերացնելու» պահանջի մասին, բավարարել։
Աղբյուրը`Իրավաբան.net