Հայրությունը դատական կարգով որոշելը և հայրության ճանաչման փաստի դատական հաստատումը գործընթացներ են՝ ուղղված որոշելու, թե ով է երեխայի հայրը այն դեպքում, երբ երեխայի ծնողները չեն գտնվել գրանցված ամուսնության մեջ:
Հայրությունը (որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը) դատական կարգով որոշելը հնարավոր է այն դեպքում, երբ երեխայի հավանական հայրը կենդանի է: Այս դեպքում հայրությունը որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։
Հայրության ճանաչման փաստի դատական հաստատումը հայրությունը որոշելու այն եղանակն է, երբ երեխայի հայրը կենդանի չէ: Իրեն երեխայի հայր ճանաչած, բայց երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի մահվան դեպքում վերջինիս որպես երեխայի հայր ճանաչելու (հայրության) փաստը կարող է հաստատվել դատական կարգով՝ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված նորմերով։
Աղբյուրը՝ Իրավաբան.net