Արդեն խոսել ենք Ամերիկյան պտուտակախաղի մասին: Այժմ կխոսենք Բլեք Ջեքի իրավական կարգավորման մասին:
Եվ այսպես` խաղի կազմակերպման համար հարկավոր են`
ա) խաղաթղթերի 6 կապուկ.
բ) հատուկ խաղասեղան.
գ) խաղաթղթերի հատուկ արկղ, որը պատրաստված է այնպես, որ խաղաթղթերը հերթականությամբ դուրս գան արկղից:
«Բլեք Ջեք» խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից կամ խաղարկողից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր: Խաղի սկզբին կամ այն ժամանակ, երբ խաղաթղթերի կապուկները փոխարինվում են նորերով, խաղարկողը խաղաթղթերը կիսալուսնաձև և երեսով վերև բացում է սեղանի վրա, որպեսզի խաղացողները համոզվեն, որ կապուկներում բոլոր խաղաթղթերն առկա են: Այնուհետև, խաղարկողը խառնում է խաղաթղթերը, հանում է կտրող քարտ և առաջարկում է խաղացողներից մեկին կիսել խաղաթղթերի կապուկը, որից հետո խաղարկողը վերցնում է խաղաթղթերի կապուկի աջ մասը և դնում խաղաթղթերի հետևում ու վերցնում մեկ ուրիշ կտրող խաղաթուղթ և խաղաթղթերի առաջացած կապուկը բաժանում մոտավորապես 2/3-ի հարաբերակցությամբ և մեծ մասով դեպի առաջ դնում է խաղաթղթերի հատուկ արկղի մեջ: Առաջին մի քանի խաղաթղթերը (1-6 հատ) խաղարկողը հանում է երեսով վերև խաղաթղթերի հատուկ արկղից և դնում է խաղասեղանի աջ մասում` խաղարկված խաղաթղթերի համար նախատեսված տեղում:
Խաղը վարում է խաղարկողը, որը բոլոր խաղացողների հետ խաղում է միաժամանակ: Խաղացողն աշխատում է հավաքել խաղաթղթեր, որոնց թվային հանրագումարը չգերազանցի 21-ը և գերազանցի խաղարկողի մոտ հավաքված խաղաթղթերի թվային հանրագումարը: Այդ դեպքում խաղացողը հաղթել է: Եթե խաղարկողի խաղաթղթերի թվային հանրագումարը չի գերազանցել 21-ը և ավելի է, քան խաղացողի միավորների հանրագումարը, ապա խաղացողը պարտվել է: Եթե խաղացողի և խաղարկողի կողմից հավաքված խաղաթղթերի թվային հանրագումարները հավասար են (բայց 21-ը չեն գերազանցում)` համարվում է ոչ ոքի: Բոլոր խաղագումարները պետք է դրվեն նախքան խաղաթղթերը բաժանելը և ոչ մի խաղագումար չի կարող փոփոխվել, եթե տրվել է առաջին խաղաթուղթը: Յուրաքանչյուր խաղացող դնում է խաղագումար` իր դիմաց պատկերված խաղադաշտում (բոքսում): Դա նշան է այն բանի, թե որ խաղացողներն են շարունակելու իրենց խաղը: Խաղի մեջ մտնելու կամ խաղից դուրս գալու պահը համարվում է խաղագումարները դնելու պահը: Խաղացողը կարող է խաղալ նվազագույնը մեկ խաղադաշտով, իսկ առավելագույնը` որքան խաղադաշտ կա պատկերված տվյալ խաղասեղանի վրա:
Խաղավարը հատուկ արկղից, որտեղ դրված են խաղաթղթերը, յուրաքանչյուր խաղացողին տալիս է երկուական խաղաթուղթ` երեսով վերև և վերցնում իրեն մեկ խաղաթուղթ` նույնպես երեսով վերև:
Խաղաթղթերի թվային արժեքները նշված են նրանց երեսին, բացառությամբ մեկանոցի, որը արժեքավորվում է մեկ կամ տասնմեկ` պայմանավորված խաղացողի ցանկությունից, և զինվորից, թագուհուց ու թագավորից, որոնք արժեքավորվում են որպես տասանոցներ: Մեկանոցի և ցանկացած տասանոցի համակցությունն անվանվում է «Բլեք Ջեք»: Նա ով ունի այդ համակցությունը ինքնըստինքյան դառնում է հաղթող, բացառությամբ այն դեպքի, երբ «Բլեք Ջեք» է և` խաղացողի մոտ և` խաղարկողի մոտ: Այդ դեպքում խաղի արդյունքը համարվում է ոչ ոքի: Այն դեպքում, երբ խաղացողի խաղաթղթերի համակցությունը «Բլեք Ջեք» է, իսկ խաղարկողինը «Բլեք Ջեք» չէ` խաղացողին վճարվում է շահում` նախնական խաղագումարի նկատմամբ 3:2-ի հարաբերակցությամբ: Իսկ այն դեպքում, երբ խաղարկողի խաղաթղթերի համակցությունը «Բլեք Ջեք» է, իսկ խաղացողինը «Բլեք Ջեք» չէ` խաղացողը կորցնում է իր խաղագումարը: Յուրաքանչյուր 21-ը գերազանցող խաղաթղթերի համակցություն համարվում է գերահավաք, ինչը պարտություն է: Խաղաթղթերի հավաքն առաջինը միշտ սկսում է խաղացողը և, եթե նրա խաղաթղթերի համակցությունը գերազանցում է 21-ը, նա համարվում է պարտված, նույնիսկ, եթե խաղարկողի խաղաթղթերի համակցությունը նույնպես գերազանցում է 21-ը: Եթե խաղարկողի մոտ գերահավաք է, ապա մնացած բոլոր խաղացողները, բացառությամբ այն խաղացողների, որոնց խաղաթղթերի համակցությունները գերազանցել են 21-ը, համարվում են հաղթած:
Խաղարկողը չունի ընտրության իրավունք, նրա համար խաղն ընթանում է կոնկրետ ֆիքսված կանոններով: Խաղարկողը պետք է վերցնի այնքան խաղաթուղթ, քանի դեռ այդ խաղաթղթերի համակցությունը չի գերազանցել 16 միավորը և դադարեցնի խաղաթուղթ վերցնելը, երբ այդ համակցությունը հավասար է 17 միավորի կամ գերազանցում է 17 միավորը: Եթե խաղարկողի երկու խաղաթղթերից կազմված համակցությունը հավասար է 17 միավորի և այդ երկու խաղաթղթերից մեկը մեկանոց է, ապա խաղարկողը պետք է դադարեցնի խաղաթուղթ վերցնելը: Եթե բաժանվել են առաջին երկու խաղաթղթերը, խաղացողը պետք է որոշում ընդունի` ինչ քայլեր նա պետք է ձեռնարկի, և այդ որոշումը պետք է հիմնվի 2 տեսակի ինֆորմացիայի վրա` իր խաղաթղթերի միավորների հանրագումարը և խաղարկողի խաղաթղթի միավորը: Խաղացողը պետք է որոշում ընդունի` ստորև բերված քայլերից որոնք ձեռնարկի`
● խաղարկողից վերցնել ևս մեկ կամ մի քանի խաղաթուղթ (հիթ) կամ նրան բավարար է իր առաջին երկու խաղաթղթերը և նա խաղաթուղթ չի վերցնում (ստենդ).
● եթե խաղացողի երկու խաղաթղթերն ունեն նույն թվային արժեքները, ապա նա կարող է բաժանել (սփլիթ) այդ զույգը և յուրաքանչյուր խաղաթուղթ դարձնել նոր համակցության առաջին խաղաթուղթ` դնելով իր սկզբնական խաղագումարի չափով ևս մեկ խաղագումար: Այդ դեպքում խաղարկողը խաղացողի առաջին համակցությանը տալիս է երկրորդ խաղաթուղթը, և խաղացողը խաղարկում է այդ համակցությունը: Առաջին համակցությունը խաղարկելուց հետո խաղարկողը տալիս է երկրորդ խաղաթուղթը երկրորդ համակցությանը, և խաղացողը խաղարկում է երկրորդ համակցությունը: Բոլոր դեպքերում խաղացողին թույլատրվում է խաղաթղթերը բաժանել 3 անգամ (3-րդ անգամը ներառյալ).
● խաղացողը կարող է կրկնապատկել (դաբլ դաուն) խաղագումարը: Դա նշանակում է, որ խաղացողը սկզբնական խաղագումարի չափով դնում է խաղագումար և ստանում միայն մեկ խաղաթուղթ ու հաղթելու դեպքում սկզբնական խաղագումարի կրկնակի չափով ստանում է շահումը.
● խաղացողը, անկախ խաղարկողի խաղաթղթի միավորային արժեքից, կարող է հրաժարվել (սարանդր) խաղից` հրաժարման համար ստանալով սկզբնական խաղագումարի կեսը: Ընդ որում, խաղարկողը խաղացողներին ըստ խաղադաշտերի, խաղից հրաժարվելու մասին հերթականությամբ հարցնում է յուրաքանչյուր համակցությունը խաղարկելիս.
● խաղացողը կարող է ապահովագրել իր սկզբնական համակցությունը խաղարկողի «Բլեք Ջեք»-ից, եթե խաղարկողի խաղաթուղթը մեկանոց է: Նա իր սկզբնական խաղագումարի կեսի չափով սեղանի ապահովագրում (ինշուրանս) դաշտում դնում է խաղագումար: Ապահովագրության խաղագումարը վճարվում է 2-ը 1-ի հարաբերակցությամբ` հօգուտ խաղացողի, եթե պարզվում է, որ խաղարկողի համակցությունը «Բլեք Ջեք» է: Եթե խաղարկողի համակցությունը «Բլեք Ջեք» չէ, ապա խաղարկողը վերցնում է «Ապահովագրում» դաշտում դրված խաղագումարը և շարունակում խաղը.
● խաղացողը, որի խաղաթղթերի համակցությունը «Բլեք Ջեք» է, իսկ խաղարկողի խաղաթուղթը մեկանոց, կարող է նախընտրել. բացի իր սկզբնական խաղագումարից վերցնել հավասար գումար (իվն մանի), այսինքն, վճարել իր սկզբնական խաղագումարի չափով (ոչ թե 3-ը, 2-ի հարաբերակցությամբ, ինչպես վճարվում է «Բլեք Ջեք»-ի ժամանակ), քանի որ այս դեպքում հնարավոր է, որ խաղարկողի խաղաթղթերի համակցությունը նույնպես լինի «Բլեք Ջեք»:
Խաղատունը կարող է խաղացողների համար պարգևներ սահմանել հետևյալ դեպքերում`
● եթե խաղացողի խաղաթղթերի համակցությունը 3 հատ յոթ է.
● եթե 6 խաղաթղթի օգնությամբ խաղացողի մոտ հավաքած խաղաթղթերի թվային հանրագումարը 21 միավոր է կամ ավելի քիչ.
● եթե խաղացողի խաղաթղթերը ձևավորվել են նույն երանգներով վեց, յոթ և ութ.
● եթե խաղացողի մոտ նույն երանգի խաղաթղթերով «Բլեք Ջեք» է.
● և այլն:
Երբ բոլոր խաղացողներն ավարտում են իրենց համակցությունների ձևավորումը, խաղարկողն է սկսում ձևավորել իր համակցությունը` ըստ նշված կարգի: Խաղավարն իր համակցությունը ձևավորելուց հետո վճարում է շահումները հաղթողներին, վերցնում է պարտված խաղացողների խաղագումարները, հավաքում խաղացված խաղաթղթերը և դնում խաղասեղանի աջ մասում` խաղարկված խաղաթղթերի համար նախատեսված տեղում:
Աղբյուրը` Իրավաբան.net