Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննվել Լենդրուշ Գեղամյանի վերաբերյալ քրեական գործը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չմասնակցելով ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը, որպես հաշմանդամ ազատամարտիկ զին. կենսաթոշակ ստանալու և այլ իրավունքներից օգտվելու նպատակով խաբեությամբ ձեռք է բերել կեղծ փաստաթղթեր: Դրանք ներկայացրել է տարբեր բժշկական հաստատություններ և հետազոտվել որպես ազատամարտիկ: ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից ճանաչվելով 2-րդ խմբի հաշմանդամ՝ խաբեության եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 20.058095 ՀՀ դրամ գումար:
Տեղեկացնենք, որ մեղադրանքն առաջադրվել է ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետի: Այն սահմանում է՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատզրկմամբ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net