Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի Եղեգնաձորի նստավայրում շարունակվում է քննվել նախկինում դատվածություն չունեցող Մելքոն Թևանյանի գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. սեպտեմբերի 26-ին Վայոց Ձորի մարզի Հեր-Հեր գյուղում հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է համագյուղացի Իշխան Գևորգյանին պատկանող խոտի դեզը` 650 հակ: Ոչնչացրել է նաև խոտի դեզի ծածկարանը, վերջինիս պատճառել խոշոր չափի` 780.000 դրամի նյութական վնաս:
Այսինքն, Մելքոն Թևանյանը հրկիզման եղանակով ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելով և խոշոր չափի վնաս պատճառելով` կատարել է հանցավոր արարք:
Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի, 2-րդ մասի 1,2 կետերով: Տեղեկացնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` ուրիշի գույքի դիտավորությամբ վնասելը կամ ոչնչացնելը, որը կատարվել է պայթյունի, հրկիզման կամ հանրավտանգ այլ եղանակով և խոշոր չափերի վնաս է պատճառել, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net