Ապրիլի 25-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») և ՀՀ արդարադատության նախարարությունը մտադրությունների հուշագիր ստորագրեցին՝ համագործակցելու Հայաստանում գործարար միջավայրի բարեփոխումների շուրջ և զարգացնելու Վեճերի կարգավորման այլընտրանքային առկա համակարգը (ADR):
2013թ. ապրիլից մինչև 2014թ. դեկտեմբեր կողմերը համատեղ կաշխատեն և կիրականացնեն մի շարք գործողություններ, այդ թվում՝ Հայաստանում Վեճերի կարգավորման այլընտրանքային համակարգի ընթացիկ վիճակի մանրամասն հետազոտություն և այդ համակարգի զարգացմանը խոչընդոտող իրավական և ինստիտուցիոնալ թերությունների բացահայտում: «Ի-Դի-Էմ-Սի»-ն արդարադատության նախարարությանը կաջակցի դատական և իրավական բարեփոխումների իրականացման գործում՝ այդ թվում նաև ոլորտում իրավական քաղաքականության, անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախագծերի մշակմանը և դրանց շուրջ շահառուների հետ հանրային լսումների ու կլոր սեղան քննարկումների կազմակերպմանը: Կկազմակերպվեն լայն հանրության շրջանակներում վեճերի կարգավորման այլընտրանքային համակարգերի մասին իրազեկման ու վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
Արդարադատության նախարարության փոխանցմամբ` ԱՄՆ ՄԶԳ-ն «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով կաջակցի նախարարությանը մշակելու կանոնադրական նորմեր, էթիկայի կանոններ, արտոնագրման և թեստավորման չափանիշներ, ձեռնարկներ, գնահատման մեթոդոլոգիա ևայլ կարգավորումներ:
Բացի այդ՝ կկազմակերպվի վերապատրաստման դասընթաց` հաշտարարների, դատավորների, իրավաբանների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործարարների և լայն հանրության համար: Համագործակցության ընդհանուր արդյունավետությունը երաշխավորելու համար կմշակվի մշտադիտարկման արդյունավետ համակարգ:
«Բազմաթիվ զարգացած երկրներում Վեճերի կարգավորման այլընտրանքային համակարգն ընդհանուր իրավական համակարգի մասն է կազմում: Սովորաբար դատարաններում դատական հայցերի ծանրաբեռնվածությունը երկարաձգում և ավելի է թանկացնում դատական գործընթացները, ինչը բացասաբար է ազդում գործարար միջավայրի վրա:
Արդյունավետ ADR համակարգը այս իրավիճակից հնարավոր ելքն է, որը տարաձայնություններ ունեցող կողմերին հնարավորություն է տալիս համաձայնության գալ՝ առանց դատական գործընթացների մեջ մտնելու»,- նշեց արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը հուշագրի ստորագրման արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ ADR համակարգը կօգնի պահպանել բիզնեսների միջև հարաբերությունները և կնպաստի այդ համակարգի նկատմամբ հաճախորդների վստահության աճին, որը զգալի ներուժ ունի է հատկապես այնպիսի ոլորտում, ինչպիսին օրինակ զբոսաշրջությունն է, որտեղ ավանդական դատական գործընթացների կիրառումը առաջացնում է մի շարք խնդիրներ:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: