«Քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք՝ կձերբակալենք»․ Փաշինյանի կոչը՝ քաղաքական մյուս ուժերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 25-ին, Հանրապետության Հրապարակում ելույթ ունենալիս՝ ասաց․

«Ես բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում դադարեցնել բոլոր ակցիաները, դադարեցնել անհնազանդության բոլոր դրսևորումները: Եկեք սկսենք խոսակցություն: Հիմա ես, ճիշտն ասած, ձեր անունից ուզում էի արտահերթ ընտրությունների առաջարկը թարմացնել, շատ լավ, որովհետև այդպես չի լինի՝ շարունակ հանրահավաք անեք, մենք էլ կանենք հանրահավաք, քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, կձերբակալենք ուղղակի օրենքով:

Հետևյալն ենք պայմանավորվում, ուրեմն արտահերթ ընտրությունների թեման ձեր կոչով հանում ենք, և ես ակնկալում եմ, էլի եմ ասում՝ կամ Հանրապետության նախագահն ստորագրի Գլխավոր շտաբի պետի ազատելու հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ինքը հայտարարի իր հրաժարականի մասին, բանակն իր գործերով անցնի, և քաղաքական ուժերի հետ, նույնիսկ ամենասուր քննադատության ենթարկող քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում՝ իհարկե, հաշվի առնելով ձեր կարծիքը: Դուք չթողեցիք ես նախադասությունն ավարտեմ։ Չթողեցիք՝ չթողեցիք, չեմ ավարտում։ Եվ, հետևաբար, մեր կամքը, մեր միասնությունը, մեր վճռականությունը է, որ մենք ժողովրդի իշխանությունը կոռումպացված ռեժիմին չենք զիջելու, և, այո՛, թավիշին վերջ է դրվելու:

Ես գիտեի, որ դուք ամենաշատն այդ էիք ուզում լսել, գիտեի։ Բայց ի՞նչ է նշանակում թավիշին վերջ դնել։ Դա նշանակում է օրինականության հաստատում, օրինականության լիարժեք հաստատում: Եվ այսօր ժողովուրդն ինչո՞ւ է հավաքվել։ Որովհետև ժողովուրդը գիտի, որ այս պարտության պատճառը երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը, Զինված ուժերը և ժողովրդին թալանածներն են: Այսօր իրենք էլ գիտեն, որ դա է հիմնական ժողովրդի պահանջը, ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք կոռումպացված, թե մենք էլ ենք գող: Մենք մեր ձեռքերը կկտրենք, ժողովրդի կոպեկը չենք գողանա, ժողովրդի և հայրենիքի ունեցվածքը չենք գողանա, որովհետև դրանով մենք խաչ կքաշենք մեր գոյության իմաստի վրա:

Ուրեմն՝ վերջ թավիշին։ Հիմա այս ակցիան շարունակում ենք հետևյալ կերպ. մենք իրար հետ  քաղաքով  երթի ենք գնում և վճռականություն ենք ի ցույց դնում: Նախ, մենք մեր բանակի կողքին կանգնած ենք, և բանակն էլ մեր կողքին է կանգնած: Երկրորդ, ժողովուրդը գիտի՝ մենք ինչու ենք պարտվել, և ժողովուրդն այսօր մեկ ակնկալիք ունի։ Ես ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ այդ ակնկալիքը չեմ իրականացրել, որ անընդհատ ասում ենք՝ վերջ թավիշին, վերջ թավիշին, չենք անում։ Բայց այսօրվա մեր ակցիան եկավ-հասավ այդտեղ։ Ուրեմն հիմա վերջ թավիշին, այսօրվանից՝ վերջ թավիշին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել